Հոդված 51
Հոդված 51.
Դատավորի անձեռնմխելիությունը
1. Դատավորը, Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։
2. Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:
3. Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
4. Ի լրումն Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքի՝ ազատությունից զրկելու պահից դատավորն իրավունք ունի հեռախոսազանգով կամ հաղորդակցման այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին կամ այլ անդամի:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում դատավորին ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և գլխավոր դատախազը: Դատավորին ձերբակալելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ և գլխավոր դատախազին: Դատավորին ազատությունից զրկած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ազատությունից զրկված դատավորը, և ապահովել նրանց տեսակցությունը դատավորի հետ, եթե Բարձրագույն դատական խորհրդի տվյալ անդամի վերաբերյալ քրեական հետապնդման մարմինը տեսակցությունը սահմանափակող որոշում չի կայացրել:
6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:
7. Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
8. Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա այն վարույթով, որի շրջանակում նա իրականացրել է իր լիազորությունները` որպես դատավոր։
(51-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-151-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)