Հոդված 77.1. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը
Հոդված 77.1. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը
1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են՝
1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու կամ մահացած հայտարարվելու դեպքում.
4) նրա նկատմամբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կայացվելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու դեպքում.
5) նրա մահվան դեպքում.
6) դատավոր անդամի պարագայում՝ որպես դատավոր՝ լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են՝
1) երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում.
2) մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ բացակայելու դեպքում.
3) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.
3.1) Հանձնաժողովի անդամի կողմից վարքագծի կանոնները, ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի կողմից սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ կամ 8.1-ին մասի պահանջները խախտվելու դեպքում.
4) օրենքով և Հանձնաժողովի գործունեության կարգով նախատեսված իր պարտականությունները չկատարելու դեպքում:
2.1. Հանձնաժողովի անդամի, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի՝ որպես նախագահ իր լիազորություններն իրականացնելիս լիազորությունների դադարման կամ դադարեցման հետ կապված ընթացակարգային հարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովների գործունեության կարգերով:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար Հանձնաժողովի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է Հանձնաժողովի առնվազն երեք անդամի կողմից: Հանձնաժողովը կայացնում է որոշում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
4. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման, ինչպես նաև նրա՝ Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում: Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար։
5. Հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը յոթնօրյա ժամկետում դիմում է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու և հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը կազմակերպելու համար: Արտահերթ Ընդհանուր ժողով պետք է հրավիրվի Հանձնաժողովի նախագահի դիմումն ստանալու պահից քառասունհինգօրյա ժամկետում: Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում ընտրություն կազմակերպելիս հաշվի են առնվում նաև 77-րդ հոդվածի 4-րդ և 5.1-ին մասերով սահմանվող պահանջները:
(77.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց., փոփ. 04.03.26 ՀՕ-72-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(04.03.26 ՀՕ-72-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)