Հոդված 84
Հոդված 84.
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները:
3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
4. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:
5. Քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:
6. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
7. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:
8. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելի ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:
9. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է առանց վերընտրման իրավունքի` երկու տարի վեց ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:
10. Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` տասնօրյա ժամկետում:
11. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝
1) հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը.
2) ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները.
3) ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդն այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) հաստատում է դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու կարգը.
5) սահմանում է դատարանի նիստերի դահլիճի և դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման նկարագրությունը.
6) դատական կարգադրիչների ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.
7) սահմանում է դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը.
8) իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ լիազորություններ:
12. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա կողմից նշանակված Բարձրագույն դատական խորհրդի անդամը:
13. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը:
(84-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-575-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 25.10.23 ՀՕ-335-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն)
(25.10.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)