Հոդված 77
Հոդված 77.
Ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձևավորումը
1. Ընդհանուր ժողովը ձևավորում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով և Ուսումնական հարցերի հանձնաժողով:
2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով իրենց վերապահված գործառույթները:
3. Դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և Բարձրագույն դատական խորհրդի անդամները չեն կարող լինել Ընդհանուր ժողովի` սույն օրենսգրքով նախատեսված հանձնաժողովների անդամներ: Նույն անձը միաժամանակ չի կարող լինել Ընդհանուր ժողովի երկու հանձնաժողովի անդամ:
4. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է տասնմեկ անդամից, որոնցից վեցը՝ դատավոր անդամներ, իսկ հինգը՝ դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից չորսն ընտրվում են առաջին ատյանի դատարանի դատավորներից՝ յուրաքանչյուր մասնագիտացումից (քաղաքացիական (որը ներառում է նաև սնանկության մասնագիտացումը), քրեական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումներ)՝ մեկ դատավոր, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից:
5. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:
5.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն դատավորը, որն ունի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև վերջին երկու տարվա ընթացքում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
6. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:
7. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներն առաջադրվում են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
8. Որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները: Նախկին դատավորը չի կարող ընդգրկվել դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցուցակում, եթե նրա լիազորություններն առաջադրվելու պահին նախորդող հինգ տարվա ընթացքում դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու, կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Ընդ որում, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իր պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու և տարեկան գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրեր, ինչպես նաև հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը չի կարող իրականացնել դատական ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում:
8.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամն իր լիազորությունների իրականացման ողջ ընթացքում պարտավոր է՝
1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկելուց,
2) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ,
3) զերծ մնալ դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց:
8.2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուին առաջադրելու դիմումին կից Դատական դեպարտամենտ է ներկայացվում նաև նրա բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Դատական դեպարտամենտի ղեկավարը թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է Ընդհանուր ժողովի անդամներին Ընդհանուր ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ: Ընդհանուր ժողովի կողմից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում, դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի վերաբերյալ բարեվարքության խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, նրա կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և նրա գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել սույն հոդվածի 9.1-ին մասի պահանջները բավարարող ոչ առևտրային կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սույն մասով նախատեսված ոչ առևտրային կազմակերպություններին ներկայացվող պահանջները բավարարելու վերաբերյալ փաստաթղթերի ցանկը, որն առնվազն ներառում է ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց պետական գրանցման վկայականի, կանոնադրության, դիմելուն նախորդող հինգ տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտե ներկայացված գործունեության տարեկան հաշվետվությունների և իր կանոնադրական նպատակների շրջանակում գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները ներկայացնելու պահանջ, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
9.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները (բացառությամբ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կամ համայնքի կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպությունների), որոնք՝
1) ստացել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում.
2) Դատական դեպարտամենտի կողմից Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության մրցույթի հայտարարության հրապարակման օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում իրենց կանոնադրական նպատակներում որպես գործունեության ուղղություն ներառել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության ոլորտները և այդ ոլորտներում իրականացրել են փաստացի գործունեություն:
10. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով։ Ընտրության ժամանակ հաշվի են առնվում թեկնածուի կրթությունը, նրա՝ սույն հոդվածով սահմանված պահանջներին և նրան ներկայացրած կազմակերպության՝ ուղղ.սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։
11. Ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից մեկը ընտրվում է Վճռաբեկ դատարանի դատավորներից, երկուսը` վերաքննիչ դատարանների դատավորներից, երկուսը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից:
12. Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:
13. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ: Դատավոր անդամներից մեկն ընտրվում է Վճռաբեկ դատարանի դատավորներից, մեկը` վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` առաջին ատյանի դատարաններից:
14. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն դատավորը, որն ունի դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ և գործունեությունը գնահատված լինելու դեպքում` գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական:
15. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:
16. Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու, իսկ դատավոր չհանդիսացող անդամները` նաև սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջները բավարարող ոչ առևտրային կազմակերպությունների կողմից առաջադրվելու եղանակով:
17. Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամներին, Ընդհանուր ժողովի հաստատած գործունեության կարգին համապատասխան, ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով։
18. Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների՝ դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո Ընդհանուր ժողովի կողմից սույն օրենսգրքի 77.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հանձնաժողովի անդամ չընտրվելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում:
19. Հանձնաժողովների՝ դատավոր չհանդիսացող անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով և չափով:
(77-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ. 14.04.21 ՀՕ-331-Ն, խմբ., լրաց., փոփ. 04.03.26 ՀՕ-72-Ն, խմբ. 18.06.26 ՀՕ-245-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(04.03.26 ՀՕ-72-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)