Հոդված 57
Հոդված 57.
Դատավորի աշխատավարձը և սոցիալական երաշխիքները
1. Դատավորի համար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:
2. Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:
3. Դատավորի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում դատավորի ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք:
5. Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Փոխհատուցման տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է Կառավարությունը:
6. Դատավորն օգտվում է նաև հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:
7. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված երաշխիքները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի վրա:
(57-րդ հոդվածը խմբ. 23.03.22 ՀՕ-80-Ն)