Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸԳլուխ 13 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Հոդված 78

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 78.

Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործառույթները և գործունեությունը

1. Յուրաքանչյուր հանձնաժողով իր դատավոր անդամների կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը՝ հանձնաժողովի գործունեության կարգին համապատասխան: Հանձնաժողովի գործունեության կարգով կարող են սահմանվել հանձնաժողովի նիստերի անցկացման և հարցերի քննարկման առանձնահատկությունները:

2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝

1) դատավորի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.

2) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ:

2.1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը լուծելու կամ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցը լուծելու համար Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն յոթ անդամ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումը չընդունվելու դեպքում կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը համարվում է մերժված, իսկ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի վերաբերյալ որոշումը չընդունվելու դեպքում հարուցված կարգապահական վարույթը կարճվում է:

2.2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ: Եթե Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:

3. Ուսումնական հարցերի հանձնաժողովը՝

1) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.

2) դատավորի թեկնածուների հավակնորդների գնահատման համար առաջարկում է դատավորի թեկնածություն՝ նրա համաձայնությամբ.

3) դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.

4) Արդարադատության ակադեմիա է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ առարկայական կուրսերի ընտրության նշումով.

5) սահմանում է դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսումնառության ժամաքանակը.

6) Արդարադատության ակադեմիային առաջարկում է դատավորների թեկնածուների հավակնորդների փորձաշրջանի ղեկավարներ.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ գործառույթներ:

4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը՝

1) իրականացնում է դատավորների գործունեության գնահատումը.

2) սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում (այդ թվում՝ էական կարգապահական խախտում) հայտնաբերելու դեպքում դիմում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար.

3) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ:

(78-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց. 04.03.26 ՀՕ-72-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(78-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 31.07.20-ին` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման պահից, համաձայն ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 31.07.20 N 04Ա որոշման)

(04.03.26 ՀՕ-72-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։