Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ, ԱԿՑԵՊՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ

Հոդված 15. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆն ԱԿՑԵՊՏԱՎՈՐԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆն ԱԿՑԵՊՏԱՎՈՐԵԼԸ

1. Ստացող բանկը (բացի շահառուի բանկից) վճարման հանձնարարականն ակցեպտավորում է, երբ կատարում է վճարման հանձնարարականը, բացառությամբ սույն հոդվածի 4 կետով նախատեսված դեպքերի:

2. Բացառությամբ սույն հոդվածի 3 և 4 կետերով նախատեսված դեպքերի, վճարման հանձնարարականը շահառուի բանկի կողմից ակցեպտավորված է համարվում`

ա) երբ բանկը վճարում է շահառուին կամ նրան տեղեկացում է ուղարկում (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) վճարման հանձնարարականի ստացման կամ վճարման հանձնարարականի ստացման կապակցությամբ շահառուի հաշիվը կրեդիտագրելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկացման մեջ նշված է, որ շահառուն չի կարող տնօրինել ստացված միջոցները մինչև ուղարկողի կողմից վճարման հանձնարարականի գումարը վճարելը, կամ որ բանկը մերժում է վճարման հանձնարարականը (հոդված 16).

բ) երբ ուղարկողը վճարում է շահառուի բանկին վճարման հանձնարարականի գումարը, կամ

գ) վճարման հանձնարարականում նշված վճարման օրվան հաջորդող` շահառուի բանկի գործառնական օրվա սկզբին, եթե այդ պահին ուղարկողը վճարել է բանկին վճարման հանձնարարականի գումարը, կամ ուղարկողի` տվյալ բանկում գտնվող հաշվի մնացորդը բավարար է վճարման հանձնարարականի գումարը հատուցելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վճարման հանձնարարականը մերժվել է մինչև տվյալ գործառնական օրվա սկիզբը, կամ`

- շահառուի բանկի գործառնական օրվա սկզբից մեկ ժամվա ընթացքում, կամ

- վճարման հանձնարարականում նշված վճարման օրվան հաջորդող` ուղարկողի գործառնական (աշխատանքային) օրվա սկզբից մեկ ժամվա ընթացքում, եթե ուղարկողի գործառնական (աշխատանքային) օրը սկսվում է ավելի ուշ, քան ստացող բանկի գործառնական օրը:

3. Վճարման հանձնարարականը մինչև ստացող բանկի կողմից վճարման հանձնարարականն ստանալը ակցեպտավորված չի համարվում: Սույն հոդվածի 2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականի ակցեպտավորումը տեղի չի ունենում, եթե դրանում նշված շահառուն տվյալ բանկում հաշիվ չունի, կամ շահառուի` վճարման հանձնարարականում նշված հաշիվը փակված է, կամ բանկն օրենքով նախատեսված դեպքերում իրավունք չունի շահառուի հաշվին միջոցներ հաշվեգրել կամ ստանալ:

4. Վճարման հանձնարարականը վճարողի բանկի կողմից ակցեպտավորված չի համարվում մինչև վճարման օրը, եթե տվյալ բանկը շահառուի բանկն է, կամ մինչև կատարման օրը, եթե տվյալ բանկը շահառուի բանկը չէ: Եթե վճարողի բանկը կատարում է վճարման հանձնարարականը մինչև դրանում սահմանված կատարման օրը կամ վճարում է դրանում նշված շահառուին մինչև վճարման օրը, իսկ վճարողը հետագայում վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարական է տալիս սույն օրենքի 17 հոդվածի համաձայն, ապա վճարողը պարտավոր չէ բանկին վճարել վճարման հանձնարարականի գումարը, իսկ բանկը կարող է այդ գումարը պահանջել շահառուից` օրենքով սահմանված կարգով:

5. Վճարման հանձնարարականի ակցեպտավորումը բացառում է դրա հետագա մերժումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։