Հոդված 17. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ: ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԱԿՑԵՊՏԱՎՈՐԵԼԸ
Հոդված 17. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ: ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԱԿՑԵՊՏԱՎՈՐԵԼԸ
1. Վճարման հանձնարարականը չեղյալ համարելը տվյալ վճարման հանձնարարականի գումարի փոխանցումը դադարեցնելն է` ուղարկողին տվյալ գումարն անմիջապես վերադարձնելու պայմանով: Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու դեպքում դրա ակցեպտավորումը վերացվում է, իսկ ակցեպտավորումից բխող միջոցների փոխանցման կողմերի իրավունքներն ու պարտականությունները դադարում են:
Վճարման հանձնարարականը կարող է չեղյալ համարվել սույն օրենքին համապատասխան, ուղարկողի կամ դատարանի կողմից տրված` վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի հիման վրա:
2. Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկվում է ստացող բանկին` (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) վերջինիս հետ ուղարկողի պայմանագրով կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոններով սահմանված կարգով: Պայմանագրով կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոններով կարող են սահմանվել վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի վավերապայմանները:
3. Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ակցեպտավորելը վճարման հանձնարարականը չեղյալ համարելու պարտավորությունը ստանձնելն է: Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի ակցեպտավորումը բացառում է տվյալ վճարման հանձնարարականի հետագա ակցեպտավորումը:
4. Վճարման հանձնարարականի չեղյալ համարելու հանձնարարականը վավեր է և ենթակա է ակցեպտավորման, եթե այն`
ա) համապատասխանում է սույն հոդվածի 2 կետի պահանջներին, և
բ) ստացող բանկի կողմից ստացվել է վերջինիս` մինչև տվյալ վճարման հանձնարարականն ակցեպտավորելը համապատասխան գործողություն ձեռնարկելու հնարավորություն ընձեռող եղանակով և ժամկետում:
5. Վճարման հանձնարարականն ակցեպտավորելուց հետո այն չեղյալ համարելու հանձնարարականը ենթակա է ակցեպտավորման սույն հոդվածի 6 և 7 կետերով նախատեսված դեպքերում, եթե ստացող բանկը համաձայնում է այն ակցեպտավորել, կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոնները թույլ են տալիս այն ակցեպտավորել առանց ստացող բանկի համաձայնության:
6. Շահառուի բանկից բացի, ստացող այլ բանկի կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի վերաբերյալ տրված վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը չի կարող ակցեպտավորվել, քանի դեռ ստացող բանկի կողմից համապատասխանորեն ուղարկված վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը հաջորդ ստացող բանկի կողմից ակցեպտավորված չէ:
7. Շահառուի բանկի կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի վերաբերյալ տրված վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը չի կարող ակցեպտավորվել, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ վճարման հանձնարարականն ուղարկվել է`
ա) ի կատարումն մի վճարման հանձնարարականի, որը չի ուղարկվել դրանում որպես ուղարկող նշված անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից, կամ
բ) ուղարկողի սխալի հետևանքով`
- սխալմամբ ուղարկվել է նախկինում ուղարկողի կողմից ուղարկված վճարման հանձնարարականի կրկնօրինակը, կամ
- վճարման հանձնարարականում սխալմամբ նշվում է վճարողից վճարում ստանալու իրավունք չունեցող շահառուն, կամ
- վճարման հանձնարարականում սխալմամբ նշվում է ավելի մեծ գումար, քան շահառուն իրավունք ունի ստանալ վճարողից:
Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու դեպքում շահառուի բանկն իրավունք ունի շահառուին վճարված գումարը հետ պահանջել` օրենքով սահմանված կարգով:
8. Վճարման հանձնարարականում նշված կատարման կամ վճարման օրվանից հետո հինգերորդ գործառնական օրվա ավարտի պահին չակցեպտավորված վճարման հանձնարարականը չեղյալ է համարվում:
9. Ակցեպտավորված վճարման հանձնարարականը սույն հոդվածի 5, 6 և 7 կետերի համաձայն չեղյալ համարելու հանձնարարականն ակցեպտավորելու դեպքում ուղարկողը պարտավոր է հատուցել վճարման հանձնարարականը չեղյալ համարելու կամ դրա փորձի հետևանքով ստացող բանկին պատճառած վնասները և նրա կատարած ծախսերը, եթե պայմանագրով կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոններով այլ բան նախատեսված չէ:
10. Ուղարկողի մահվան, նրան անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, նրա վերակազմավորման կամ լուծարման դեպքում տվյալ ուղարկողի վճարման հանձնարարականն ուժը կորցնում է, եթե ստացող բանկն իմացել է վերոհիշյալ փաստերի մասին տվյալ վճարման հանձնարարականն ակցեպտավորելուց առաջ և անհրաժեշտ գործողություն ձեռնարկելու հնարավորություն է ունեցել:
11. Պայմանագրերը կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոնները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն հոդվածի 7 կետին: