Հոդված 8. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ
Հոդված 8. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ
1. Անվտանգության արարողակարգը` վճարման հանձնարարականների, այլ հաղորդագրությունների պատկանելության հավաստիության ապահովման և դրանցում տեղ գտած սխալների բացահայտման (վավերացման) նպատակով միջոցների փոխանցման գործարքի կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ սահմանված արարողակարգն է:
Անվտանգության արարողակարգով կարող են նախատեսվել հատուկ ալգորիթմերի, նշանաբառերի, գաղտնաբառերի, գաղտնագրման և ինքնությունը հաստատող այլ միջոցների կիրառումը:
2. Բանկի կիրառած արարողակարգը պետք է ապահովի միջոցների փոխանցման անխոչընդոտ իրականացումը: Ուղարկողն իրավունք ունի ստացող բանկից պահանջել իր տված վճարման հանձնարարականների, այլ հաղորդագրությունների փոխանցման համար կիրառել պայմանագրով կամ միջոցների փոխանցման համակարգի կանոններով նախատեսված անվտանգության այլ արարողակարգ: Ուղարկողի առաջարկած անվտանգության արարողակարգը կիրառելիս ստացող բանկը պատասխանատվություն չի կրում այդ արարողակարգի թերություններով պայմանավորված, ուղարկողի նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել միջոցների փոխանցման համակարգերի կողմից կիրառվող անվտանգության արարողակարգերին ներկայացվող պահանջները: