Հոդված 21. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՍԽԱԼ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 21. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՍԽԱԼ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Եթե ստացող բանկը կատարել է ուղարկողի վճարման հանձնարարականը`
ա) դրանում նախատեսված գումարից ավելի մեծ գումար նախատեսող վճարման հանձնարարական ուղարկելով, կամ
բ) նախկինում ուղարկված վճարման հանձնարարականի կրկնօրինակը ուղարկելով,
ապա ուղարկողը պարտավոր է վճարել ստացող բանկին միայն ուղարկողի վճարման հանձնարարականի գումարը` սույն օրենքի 25 հոդվածի 2 կետի համաձայն, եթե այդ կետով սահմանված մնացած պայմանները բավարարված են: Բանկն իրավունք ունի շահառուից հետ պահանջել սխալ վճարման հանձնարարականով ստացված գումարի և ուղարկողի վճարման հանձնարարականի գումարի տարբերությունը` օրենքով սահմանված կարգով:
2. Եթե ստացող բանկը կատարել է ուղարկողի վճարման հանձնարարականը` դրանում նախատեսված գումարից ավելի փոքր գումար նախատեսող վճարման հանձնարարական ուղարկելով, ապա ուղարկողը պարտավոր է ստացող բանկին վճարել ուղարկողի վճարման հանձնարարականի գումարը սույն օրենքի 25 հոդվածի 2 կետի համաձայն, եթե`
ա) սույն օրենքի 25 հոդվածի 2 կետով սահմանված մնացած պայմանները բավարարված են, և
բ) ստացող բանկն ուղղում է սխալը` ուղարկողի վճարման հանձնարարականում նշված շահառուի օգտին լրացուցիչ վճարման հանձնարարական ուղարկելով:
Եթե ստացող բանկը սխալը չի ուղղում, ապա իր կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի ուղարկողը պարտավոր է ստացող բանկին վճարել միայն սխալ վճարման հանձնարարականի գումարը:
Սույն կանոնը չի կիրառվում այն դեպքերում, երբ ստացող բանկը կատարել է ուղարկողի վճարման հանձնարարականը` դրանում նախատեսված գումարից ավելի փոքր գումար նախատեսող վճարման հանձնարարական ուղարկելով, ուղարկողի հրահանգի համաձայն իր (ստացող բանկի) ծառայության և ծախսերի դիմաց վճարում (հատուցում) ստանալու հետևանքով:
3. Եթե ստացող բանկը կատարել է ուղարկողի վճարման հանձնարարականը` դրանում չնշված շահառուի անունով վճարման հանձնարարական ուղարկելով, և միջոցների փոխանցումն ավարտվել է սխալ վճարման հանձնարարականի համաձայն, ապա սխալ կատարված վճարման հանձնարարականն ուղարկողը և նրան նախորդող բոլոր ուղարկողները պարտավոր չեն վճարել իրենց կողմից ուղարկված վճարման հանձնարարականների գումարը: Սխալ վճարման հանձնարարական ուղարկած բանկն իրավունք ունի իր վճարման հանձնարարականում նշված շահառուից հետ պահանջել հիշյալ վճարման հանձնարարականի գումարը` օրենքով սահմանված կարգով: