Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ, ԱԿՑԵՊՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ

Հոդված 13. ՇԱՀԱՌՈՒԻ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. ՇԱՀԱՌՈՒԻ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ

1. Եթե շահառուի բանկի կողմից ստացված վճարման հանձնարարականում նշված է չնույնացվող կամ տվյալ բանկին անհայտ շահառուի անունը, հաշվի կամ նույնացման համարը, ապա վճարման հանձնարարականն ակցեպտավորման ենթակա չէ, և ոչ ոք շահառուի իրավունքները ձեռք չի բերում, բացառությամբ սույն հոդվածի 2 կետով նախատեսված դեպքերի:

2. Եթե շահառուի բանկի կողմից ստացված վճարման հանձնարարականում նշված շահառուն նույնացվում է անունով և հաշվի կամ նույնացման այլ համարով, սակայն անունն ու համարը նույնացնում են տարբեր անձանց, ապա շահառուի բանկը ղեկավարվում է հետևյալ կանոններով`

ա) բացառությամբ սույն հոդվածի 3 կետով սահմանված դեպքերի, շահառուին նույնացնելիս հիմք է ընդունվում հաշվի կամ նույնացման համարը, եթե շահառուի բանկը տեղյակ չէ, որ շահառուի անունն ու համարը նույնացնում են տարբեր անձանց: Ընդ որում, շահառուի բանկը պարտավոր չէ պարզել, թե արդյոք անունն ու համարը նույնացնում են նույն անձին.

բ) եթե շահառուի բանկը վճարում է անունով նույնացված անձին կամ տեղյակ է, որ անունն ու համարը նույնացնում են տարբեր անձանց, ապա ոչ ոք շահառուի իրավունքներ ձեռք չի բերում, բացառությամբ շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականի գումարը ստացած այն անձի, որը, օրենքի կամ պայմանագրի համաձայն, իրավունք ուներ վճարողից վճարում ստանալ: Եթե ոչ ոք շահառուի իրավունքներ ձեռք չի բերում, ապա վճարման հանձնարարականը համարվում է չակցեպտավորված:

3. Եթե սույն հոդվածի 2 կետով նախատեսված վճարման հանձնարարականն ակցեպտավորված է, վճարողի վճարման հանձնարարականում նշված շահառուի անունն ու համարը նույնացնում են տարբեր անձանց, և շահառուի բանկը վճարումը կատարում է սույն հոդվածի 2 կետի «ա» ենթակետի համաձայն, ապա կիրառվում են հետևյալ կանոնները`

ա) վճարողը պարտավոր է վճարել վճարման հանձնարարականի գումարը, եթե վճարողը բանկ է.

բ) վճարողը պարտավոր չէ վճարել, եթե վճարողը բանկ չէ և ապացուցում է, որ վճարման հանձնարարականում համարով նույնացված անձը, օրենքի կամ պայմանագրի համաձայն, իրավունք չուներ վճարողից վճարում ստանալ.

գ) վճարողը պարտավոր է վճարել, եթե վճարողը բանկ չէ, իսկ վճարողի բանկն ապացուցում է, որ մինչև իր կողմից վճարողի վճարման հանձնարարականն ակցեպտավորելը, վճարողը տեղյակ էր շահառուին համարով նույնացնելու շահառուի բանկի իրավունքի մասին:

4. Եթե սույն հոդվածի 2 կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում շահառուի բանկը վճարում է վճարման հանձնարարականում համարով նույնացված անձին, իսկ վերջինս իրավունք չուներ վճարողից վճարում ստանալ, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ անձից հատուցում կարող է պահանջել`

ա) վճարողը, եթե վերջինս պարտավոր է վճարել վճարման հանձնարարականում նշված գումարը` համաձայն սույն հոդվածի 3 կետի, կամ

բ) վճարողի բանկը, եթե վճարողը բանկ չէ և պարտավոր չէ վճարել վճարման հանձնարարականում նշված գումարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։