Հոդված 14. ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿԻ և ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿԻ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ
Հոդված 14. ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿԻ և ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿԻ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ
1. Եթե վճարման հանձնարարականում նշված միջնորդ բանկը կամ շահառուի բանկը նույնացված է միայն համարով (կոդով), ապա ստացող բանկը, դրանց նույնացնելիս, հիմք է ընդունում միայն միջնորդ բանկի կամ շահառուի բանկի համարը և պարտավոր չէ պարզել, թե արդյոք համարը նույնացնում է տվյալ բանկը, իսկ ուղարկողը պարտավոր է հատուցել միջնորդ բանկի կամ շահառուի բանկի համարը հիմք ընդունելով` վճարման հանձնարարականը կատարելու կամ կատարելու փորձի հետևանքով ստացող բանկին պատճառած վնասները:
2. Եթե վճարման հանձնարարականում նշված միջնորդ բանկը կամ շահառուի բանկը նույնացվում է անվանումով և համարով (կոդով), սակայն անվանումն ու համարը նույնացնում են տարբեր անձանց, ապա, նրանց նույնացնելիս, կիրառվում են հետևյալ կանոնները`
ա) եթե ուղարկողը բանկ է, ստացող բանկը կարող է հիմք ընդունել համարը, եթե ստացող բանկը վճարման հանձնարարականը կատարելու պահին տեղյակ չէ, որ վճարման հանձնարարականում նշված անվանումն ու համարը նույնացնում են տարբեր անձանց: Ընդ որում, ստացող բանկը պարտավոր չէ պարզել, թե արդյոք անվանումն ու համարը նույնացնում են նույն բանկը: Ուղարկողը պարտավոր է հատուցել միջնորդ բանկի կամ շահառուի բանկի համարը հիմք ընդունելով` վճարման հանձնարարականը կատարելու կամ կատարելու փորձի հետևանքով ստացող բանկին պատճառած վնասները.
բ) եթե ուղարկողը բանկ չէ, և ստացող բանկն ապացուցում է, որ ուղարկողը, մինչև վերջինիս վճարման հանձնարարականն իր կողմից ակցեպտավորելը, տեղյակ էր ստացող բանկի` միջնորդ բանկին կամ շահառուի բանկին միայն համարով նույնացնելու իրավունքի մասին (նույնիսկ, եթե վճարման հանձնարարականը նշում է վերջինիս անվանումն ու համարը), ապա կիրառվում է սույն կետի «ա» ենթակետը.
գ) անկախ այն հանգամանքից` ուղարկողը բանկ է, թե ոչ, ստացող բանկը կարող է հիմք ընդունել միջնորդ բանկի կամ շահառուի բանկի անվանումը, եթե ստացող բանկը վճարման հանձնարարականը կատարելու պահին տեղյակ չէ, որ վճարման հանձնարարականում նշված անվանումն ու համարը նույնացնում են տարբեր անձանց: Ընդ որում, ստացող բանկը պարտավոր չէ պարզել, թե արդյոք անվանումն ու համարը նույնացնում են նույն բանկը.
դ) եթե ստացող բանկը, տեղյակ լինելով, որ վճարման հանձնարարականում նշված միջնորդ բանկի կամ շահառուի բանկի անվանումն ու համարը նույնացնում են տարբեր անձանց, այնուամենայնիվ, նրանց նույնացնելիս, հիմք է ընդունել միայն անվանումը կամ միայն համարը, ապա դա համարվում է ստացող բանկի` սույն օրենքի 20 հոդվածի 1 կետի «ա» ենթակետով սահմանված պարտավորության ոչ պատշաճ կատարում: