Հոդված 16. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՄԵՐԺԵԼԸ
Հոդված 16. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՄԵՐԺԵԼԸ
1. Ստացող բանկը կարող է վճարման հանձնարարականը մերժել` այդ մասին (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) տեղեկացնելով ուղարկողին: Վճարման հանձնարարականը համարվում է մերժված` տեղեկացումը ստանալու պահից:
2. Ստացող բանկը (բացի շահառուի բանկից) ուղարկողի վճարման հանձնարարականը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է ուղարկողին վճարման հանձնարարականի գումարի դիմաց տոկոսներ վճարել կատարման օրվանից մինչև վճարման հանձնարարականը մերժելու օրը ներառյալ, եթե`
ա) վճարման հանձնարարականի կատարման օրվա դրությամբ ուղարկողի հաշվի մնացորդը բավարար է վճարման հանձնարարականը կատարելու համար, և
բ) վճարման հանձնարարականը չի մերժվել մինչև կատարման օրվա ավարտը, և
գ) ուղարկողի տվյալ հաշվի մնացորդի վրա տոկոս չի հաշվարկվում: Եթե ուղարկողի հաշվի մնացորդը (կատարման օրվանից մինչև ուղարկողի կողմից վճարման հանձնարարականը մերժելու տեղեկացումն ստանալու օրը ներառյալ) նվազում է, ապա ստացող բանկի կողմից այդ ժամանակահատվածի համար վճարվող տոկոսագումարը համապատասխանորեն նվազեցվում է:
3. Չակցեպտավորված վճարման հանձնարարականը համարվում է մերժված այն պահից, երբ`
ա) ստացող բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչվել, եթե տվյալ բանկը շահառուն չէ, կամ
բ) ստացող բանկի նկատմամբ սկսվել է սնանկացման վարույթ` նրա նկատմամբ նախնական խնամակալ, խնամակալ կամ լուծարային կառավարիչ է նշանակվել, կամ
գ) ստացող բանկը դադարեցնում կամ հրաժարվում է վճարումներ կատարել կամ այդ մասին տեղեկացնում է ուղարկողին:
4. Վճարման հանձնարարականի մերժումը բացառում է դրա հետագա ակցեպտավորումը: