Հոդված 25. ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՈՒՂԱՐԿՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՈՒՂԱՐԿՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականն ակցեպտավորելը պարտավորեցնում է ուղարկողին վճարել վճարման հանձնարարականի գումարը, ընդ որում, ուղարկողը պարտավոր չէ վճարել վճարման հանձնարարականի գումարը մինչև վճարման օրը:
2. Բացառությամբ սույն հոդվածի 4 կետով և սույն օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերի, ստացող բանկի (բացի շահառուի բանկից) կողմից վճարման հանձնարարականն ակցեպտավորելը պարտավորեցնում է ուղարկողին վճարել վճարման հանձնարարականի գումարը, ընդ որում, ուղարկողը պարտավոր չէ վճարել վճարման հանձնարարականի գումարը մինչև իր վճարման հանձնարարականի կատարման օրը: Տվյալ ուղարկողն ազատվում է ստացող բանկին իր վճարման հանձնարարականի գումարը վճարելու պարտավորությունից, եթե միջոցների փոխանցումը չի ավարտվել շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականը` դրանում նշված շահառուի օգտին ակցեպտավորելով:
3. Ստացող բանկը պարտավոր է ուղարկողին վերադարձնել ուղարկողի վճարած այն գումարը, որն ուղարկողը պարտավոր չէր վճարել: Ստացող բանկը պարտավոր է նաև այդ գումարի դիմաց տոկոսներ վճարել` հաշվարկված այդ գումարն ուղարկողի կողմից ստացող բանկին վճարվելու պահից, բացառությամբ սույն օրենքի 10 և 22 հոդվածներով նախատեսված դեպքերի:
4. Եթե`
ա) միջոցների փոխանցումը չի ավարտվել շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականը` դրանում նշված շահառուի օգտին ակցեպտավորելով, և
բ) միջնորդ բանկը պարտավոր է վերադարձնել վճարման հանձնարարականի գումարը սույն հոդվածի 3 կետի համաձայն, բայց չի կատարում այդ պարտականությունը սույն օրենքի 16 հոդվածի 3 կետով նախատեսված դեպքերից որևէ մեկի կամ այլ օրենքի հիման վրա,
ապա այն ուղարկողը, որը կատարել է տվյալ միջնորդ բանկի միջոցով փոխանցումը կատարելու պայման նախատեսող վճարման հանձնարարականը (հոդված 20, 1 կետ, «ա» ենթակետ)` իրավունք ունի պահանջել վճարման հանձնարարականի գումարը տվյալ վճարման հանձնարարականն ուղարկողից: Միջնորդ բանկին սույն հոդվածի 3 կետի համաձայն վճարում կատարած բանկի պահանջի իրավունքն անցնում է տվյալ միջնորդ բանկի միջոցով փոխանցումը նախատեսող առաջին վճարման հանձնարարականն ուղարկողին:
5. Ուղարկողի` վճարելու պարտավորությունից ազատվելու (2 կետ) և վճարում ստանալու (3 կետ) իրավունքները չեն կարող փոփոխվել պայմանագրով կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոններով:
6. Սույն հոդվածի դրույթները գործում են այնքանով, որքանով սույն օրենքի 11 և 13 հոդվածներով այլ բան սահմանված չէ: