Հոդված 28. ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՇԱՀԱՌՈՒԻՆ
Հոդված 28. ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՇԱՀԱՌՈՒԻՆ
1. Շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականում նշված շահառուի հաշիվը կրեդիտագրելու դեպքում շահառուի բանկի` սույն օրենքի 27 հոդվածի 1 կետով սահմանված պարտավորությունը կատարված է համարվում այն պահին և այն ծավալով, երբ և որ չափով`
ա) շահառուին սույն օրենքի 27 հոդվածի 2 կետով սահմանված կարգով տեղեկացվում է իր հաշվին կրեդիտագրված գումարը դուրս գրելու շահառուի իրավունքի մասին, կամ
բ) վճարման հանձնարարականի գումարը շահառուի բանկն ուղղում է շահառուի առկա պարտավորությունների կատարմանը` սույն օրենքի 31 հոդվածի համաձայն, կամ
գ) վճարման հանձնարարականում նշված գումարը տրամադրում է շահառուի տնօրինմանը:
2. Եթե շահառուի բանկը շահառուի հաշիվը կրեդիտագրելով չի կատարում վճարումը, շահառուի բանկի` սույն օրենքի 27 հոդվածով նախատեսված պարտավորության կատարման պահը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ:
3. Շահառուի հետ կնքված պայմանագրի այն դրույթը, որի համաձայն շահառուի բանկը իրավունք ունի շահառուից պահանջել վերջինիս վճարած վճարման հանձնարարականի գումարը, եթե շահառուի բանկն այն չի ստացել ուղարկողից` անվավեր է, բացառությամբ սույն հոդվածի 4 կետով սահմանված դեպքերի:
4. Միջոցների փոխանցման համակարգի կանոնները կարող են նախատեսել շահառուներին կատարվող պայմանական վճարումներ` մինչև շահառուի բանկի ակցեպտավորած վճարման հանձնարարականում նշված գումարը շահառուի բանկի կողմից ստանալը: Շահառուին միջոցների փոխանցման համակարգի կանոններով նախատեսված պայմանական վճարում կատարելու դեպքում շահառուն պարտավոր է շահառուի բանկին վերադարձնել ստացված գումարը, եթե`
ա) մինչև միջոցների փոխանցումն սկսելը, վճարողը և շահառուն տեղեկացվել են, որ վճարումը լինելու է պայմանական, և
բ) վճարողի բանկը, շահառուի բանկը և շահառուն համաձայնել են կիրառել պայմանական վճարումներ նախատեսող կանոնները, և
գ) շահառուի բանկն իր կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի գումարը ուղարկողից չի ստացել:
Եթե շահառուն սույն կետի առաջին պարբերության համաձայն պարտավոր է ստացված գումարը վերադարձնել շահառուի բանկին, ապա շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականի ակցեպտավորումն ուժը կորցնում է, վճարման հանձնարարականը չեղյալ է համարվում, իսկ վճարողի կողմից սույն օրենքի 29 հոդվածով նախատեսված վճարումը շահառուին համարվում է չկատարված: