Հոդված 54. Արտոնագիր տալու համար սահմանված պահանջների փորձաքննությունը
Հոդված 54. Արտոնագիր տալու համար սահմանված պահանջների փորձաքննությունը
1. Գյուտի արտոնագիր տալու գործընթացն իրականացնելիս պետական լիազոր մարմինն ստուգում է՝
1) հայտարկված գյուտի առարկայի համապատասխանությունը սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված արտոնագրաունակության պայմաններին.
2) հայտարկված գյուտի՝ առաջին հայացքից (ակնհայտորեն, բացահայտորեն), համապատասխանությունը սույն օրենքի 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված արտոնագրաունակության պայմաններին՝ տեխնիկայի մակարդակը որոշելով միայն իր տրամադրության տակ գտնվող նյութերով։
2. Օգտակար մոդելի արտոնագիր տալու գործընթացն իրականացնելիս պետական լիազոր մարմինն ստուգում է՝
1) հայտարկված օգտակար մոդելի առարկայի համապատասխանությունը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին.
2) հայտարկված օգտակար մոդելի համապատասխանությունը սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով սահմանված արտոնագրաունակության պայմաններին։
3. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ ներկայացված հավակնության սահմանմամբ գյուտը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կամ ներկայացված հավակնության սահմանմամբ օգտակար մոդելը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացնում հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին։
4. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ ներկայացված հավակնության սահմանմամբ գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կամ ներկայացված հավակնության սահմանմամբ օգտակար մոդելը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացնում հայտը մերժելու մասին։
5. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ ներկայացված հավակնության սահմանմամբ գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով կամ ներկայացված հավակնության սահմանմամբ օգտակար մոդելը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին միայն մասամբ, ապա որոշում է կայացնում միայն այդ մասի նկատմամբ հայտը մերժելու մասին։