Հոդված 57. Գրավոր ապացույցի ներկայացման ժամկետը
Հոդված 57. Գրավոր ապացույցի ներկայացման ժամկետը
1. Գյուտի արտոնագրատերը կամ արտոնագրից բխող բացառիկ իրավունքի իրավատերը ոչ ուշ, քան մինչև արտոնագրի գործողության իններորդ տարվա ավարտը գրավոր ապացույց է ներկայացնում պետական լիազոր մարմին այն մասին, որ արտոնագրված գյուտը համապատասխանում է սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված պահանջներին։
2. Գյուտի արտոնագրատերը կամ արտոնագրից բխող բացառիկ իրավունքի իրավատերը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, գրավոր ապացույցը պետական լիազոր մարմին ներկայացնելու կամ այն ներկայացնելու մասին ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, վճարում է արտոնագրաունակության մասին եզրակացությունը հրապարակելու համար պետական տուրքը։ Սահմանված ժամկետում նշված պետական տուրքը չվճարելու դեպքում գրավոր ապացույցը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը։
3. Եթե գյուտի արտոնագրատերը կամ արտոնագրից բխող բացառիկ իրավունքի իրավատերը խախտում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը, ապա արտոնագիրը դադարում է գործել արտոնագրի գործողության 10-րդ տարին լրանալուց հետո։
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` արտոնագրատերը ներկայացնում է գրավոր ապացույց, որը վերաբերում է իրավատիրոջ բացառիկ իրավունքի խախտման հետ կապված դատական հայցերին, ապա պետական լիազոր մարմինը հրապարակում է սույն օրենքի 59-րդ հոդվածում նշված արտոնագրաունակության մասին եզրակացություններից որևէ մեկը:
5. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում օգտակար մոդելների նկատմամբ։