Հոդված 60. Արդյունաբերական նմուշի հայտին ներկայացվող հատուկ պահանջները
Հոդված 60. Արդյունաբերական նմուշի հայտին ներկայացվող հատուկ պահանջները
1. Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի՝
1) դիմում՝ արդյունաբերական նմուշը գրանցելու մասին.
2) իրի կամ մեկ հայտում ներառված մի քանի իրերի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացահայտող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները)՝ պետական լիազոր մարմնի կողմից նախատեսված քանակով։ Արդյունաբերական նմուշի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազոր մարմինը:
2. Արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելիս հայտատուն կարող է դիմել հայտի հրապարակումը` դրա ներկայացման թվականից, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն՝ առաջնության թվականից տասներկու ամսով հետաձգելու խնդրանքով։ Մի քանի իրերի արտաքին տեսքին վերաբերող հայտի դեպքում հրապարակման հետաձգման դիմումը կարող է վերաբերել դրանց մի մասին։
3. Եթե արդյունաբերական նմուշը, ներառյալ` մանածագործական նմուշը կամ հոլոգրամը, երկչափ է և սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ներկայացվել է հրապարակումը հետաձգելու մասին խնդրանք, ապա իրի արտաքին տեսքի (ամբողջությամբ կամ մասնակիորեն) լուսանկարի կամ գրաֆիկական պատկերի փոխարեն հայտին կարող է կցվել իրի կամ դրա մի մասի նմուշը։ Իրերի սահմանած քանակով լուսանկարները կամ գրաֆիկական պատկերները ներկայացվում են ոչ ուշ, քան սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հրապարակման հետաձգված ժամկետի ավարտից երկու ամիս առաջ։ Սույն պահանջը չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված։