Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե համատեքստից այլ բան չի ենթադրվում.
ա) «Կոնվենցիա» հասկացությունը նշանակում է՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիա, որն ստորագրման համար բացվել է Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին, ինչպես նաև՝ Կոնվենցիայի 90-րդ հոդվածին համապատասխան ընդունված ցանկացած հավելված և հավելվածների կամ Կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, որոնք ընդունվել են Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածներին համապատասխան, եթե այդ հավելվածները և փոփոխություններն ընդունվել կամ վավերացվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից,
բ) «ավիացիոն իշխանություններ» հասկացությունը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, իսկ Տաջիկստանի Հանրապետության դեպքում՝ Տաջիկստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն, կամ՝ ցանկացած այլ անձ կամ կազմակերպություն, որոնք լիազորված կլինեն իրականացնելու նշված մարմինների կողմից ներկայումս իրականացվող գործառույթները,
գ) «նշանակված ավիաընկերություն» հասկացությունը նշանակում է՝ ցանկացած ավիաձեռնարկություն, որին մի Պայմանավորվող կողմը նշանակել է՝ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին, և լիազորել է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան:
դ) «սակագին» հասկացությունը նշանակում է՝ ուղևորների, ուղեբեռի և բեռի փոխադրման համար վճարվող գներ և այն պայմանները, որոնց դեպքում կիրառվում են այդ գները, ներառյալ կոմիսիոն վճարները և այլ լրացուցիչ վճարումները գործակալական ծառայությունների կամ տրանսպորտային փաստաթղթերի վաճառքի համար, բացառությամբ փոստի փոխադրման համար վճարների և պայմանների,
ե) «Համաձայնագիր» հասկացությունը նշանակում է՝ սույն Համաձայնագիրը, դրա հավելվածը և Համաձայնագրի կամ հավելվածի ցանկացած փոփոխություն,
զ) «տարածք» հասկացությունը պետության առնչությամբ նշանակում է՝ տվյալ պետության ինքնիշխանության տակ գտնվող ցամաքային տարածքներ, տարածքային և ներքին ջրեր և դրանց վրայի օդային տարածք,
է) «միջազգային օդային հաղորդակցություն» հասկացությունը նշանակում է՝ օդային հաղորդակցություն, որն իրականացվում է մեկից ավելի պետությունների օդային տարածքներով,
ը) «վայրէջք ոչ առևտրային նպատակներով» հասկացությունը նշանակում է՝ վայրէջք ցանկացած այլ նպատակով՝ բացի ուղևորներ, ուղեբեռ, բեռ կամ փոստ օդանավ վերցնելուց կամ օդանավից իջեցնելուց: