Հոդված 109. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը
Հոդված 109. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը
(վերնագիրը լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)
1. Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը ծնողների մահվան, նրանց ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողներին անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու (այդ թվում՝ բժշկական շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողների հրաժարվելու դեպքերում), ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների վրա։
Խնամակալության և հոգաբարձության մարմինները բացահայտում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, վարում են նման երեխաների հաշվառումը և, ելնելով ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից, ընտրում են (առաջարկում են) այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման ձևերը:
Խնամակալության և հոգաբարձության մարմիններից բացի, իրավաբանական և ֆիզիկական այլ անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման ուղղությամբ գործունեություն չի թույլատրվում։
2. Երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքով:
3. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները, ինչպես նաև իրենց լիազորությունների շրջանակում՝ պետական կառավարման մարմիններն ու իրավաբանական անձինք: Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների խնամքն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:
(109-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.07.05 ՀՕ-144-Ն, լրաց., փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)