Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)

Հոդված 113.1. ․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման առանձնահատկությունները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 113.1․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման առանձնահատկությունները

1. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերն ուսումնասիրում է Կենտրոնական մարմինը, և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ դրանցում թերությունների առկայության դեպքում Կենտրոնական մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, ինչպես նաև շտկել թերությունները: Եթե 60-օրյա ժամկետում Կենտրոնական մարմին չեն ներկայացվում պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ապա որդեգրել ցանկացող անձանց հաշվառման դիմումը մնում է առանց քննության:

2. Որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով Կենտրոնական մարմինը տրամադրում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն:

3. Օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու նպատակով տրամադրված՝ որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա Կենտրոնական մարմինը պատրաստում է զեկույց՝ դիմողի կենսագրական տվյալների, բժշկական քարտի և ընտանիքի պատմության, որդեգրման պատճառների, օտարերկրյա որդեգրում իրականացնելու հնարավորության, ինչպես նաև այն երեխաների բնութագրի վերաբերյալ, որոնց նրանք ցանկանում են որդեգրել: Զեկույցում ներառվում են նաև տեղեկություններ որդեգրված երեխային Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և բնակվելու թույլտվության մասին:

4. Զեկույցը պատրաստելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական մարմինն այն փոխանցում է ծագման պետության իրավասու մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը: Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձին փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմնից կամ կազմակերպությունից ստացված՝ երեխայի մասին զեկույցը՝ դիրքորոշում ստանալու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետությունում «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, դրա կասեցման և դադարեցման, հայաստանյան ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն հիմնելու մասին տեղեկությունների տրամադրման և Կենտրոնական մարմնի կողմից այդպիսի տեղեկություններն ընդունելու, ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեության համաձայնություն տալու, դադարեցման կամ կասեցման, ինչպես նաև հավատարմագրված կազմակերպության, դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ Կենտրոնական մարմնին տեղեկություններ տրամադրելու և քննարկելու, հավատարմագրված կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների գործունեության հսկողության կարգն ու լիազորությունների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Օտարերկրյա որդեգրմանը հասանելի որդեգրման ենթակա երեխաների ապանձնավորված տվյալները Կենտրոնական մարմինը կարող է տրամադրել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակից պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը՝ երեխայի կարիքներին համապատասխան որդեգրել ցանկացող անձ գտնելու համար: Որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(113.1-ին հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։