Հոդված 66. Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը
Հոդված 66. Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը
1. Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին։
2. Հաշվի առնելով երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա լավագույն շահերին։
(66-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
⚖Հոդված 67. Խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննելիս
(վերնագիրը լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն)
1. Դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց։
2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում` նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու մասին:
(67-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-62-Ն, 04.03.20 ՀՕ-100-Ն, 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)