Հոդված 137.1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագիրը
Հոդված 137.1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագիրը
1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը իրականացվում են երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի (այսուհետ` Խնամատարության պայմանագիր) հիման վրա:
2. Խնամատարության պայմանագիրը ծնողների (երեխայի այլ օրինական ներկայացուցչի), խնամատար ծնողի և մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիր է:
3. Ծնողը չի կարող հանդես գալ որպես Խնամատարության պայմանագրի կողմ, եթե նա`
1) դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.
2) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
3) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած.
4) դատական կարգով սահմանափակվել են ծնողական իրավունքները.
5) սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 13-րդ մասում նշված հաստատություններում կամ կազմակերպություններում խնամվող երեխայի ծնող է:
4. Ծնողը կարող է հանդես չգալ որպես Խնամատարության պայմանագրի կողմ՝
1) արգելանքի տակ գտնվելու, ծանր հիվանդության կամ ներկայանալու անհնարինության հիմնավոր պատճառով` այդ մասին գրավոր հայտնելով մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան կամ
2) ճգնաժամային խնամատարության դեպքերում, երբ ծնողը չարամտորեն խուսափում է երեխայի խնամքի կազմակերպման վերաբերյալ համաձայնություն տալուց:
4.1. Դատվածություն չունեցող անձի խնամատար ծնող դառնալու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև Խնամատարության պայմանագրի կնքումը սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անձի ընտրությունը, հաշվառումը և վերապատրաստումն իրականացվում են ընդհանուր կարգով:
5. Խնամատարության պայմանագրով սահմանվում են երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այդ պայմանագրի ժամկետի երկարաձգման, դադարման հիմքերն ու հետևանքները։
6. Խնամատարության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև`
1) խնամատար ծնողների նախաձեռնությամբ` հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների անհամատեղելիության և այլն) առկայության դեպքում.
2) երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) պահանջով` խնամատարության կիրառման համար հիմք հանդիսացած պատճառի վերացման, այդ թվում` ընտանիքի հետ վերամիավորման դեպքում.
3) մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ խնամատար ընտանիքում երեխայի խնամքն ապահովելու, նրան դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային ծնողներին վերադարձնելու կամ ազգականների խնամակալությանը (հոգաբարձությանը) հանձնելու կամ երեխային որդեգրելու դեպքերում:
6.1. Խնամատարության պայմանագրի վաղաժամկետ լուծման այլ հիմքեր կարող են նախատեսվել Խնամատարության պայմանագրով:
7. Խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:
(137.1-ին հոդվածը փոփ., լրաց., խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)