Հոդված 30. Ամուսնական պայմանագրի փոփոխումը և լուծումը
Հոդված 30. Ամուսնական պայմանագրի փոփոխումը և լուծումը
1. Ամուսնական պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ: Ամուսնական պայմանագիրը փոփոխվում և լուծվում է ամուսնական պայմանագիր կնքելու համար սահմանված կարգով:
Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում։
2. Ամուսիններից մեկի պահանջով ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել դատական կարգով՝ պայմանագրերի փոփոխման և լուծման համար քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով։
3. Ամուսնական պայմանագրի գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար։
⚖Հոդված 31. Ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչելը
1. Դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ գործարքների անվավերության մասին Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով:
2. Դատարանը կարող է նաև ամուսնական պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե այդ պայմանագրի պայմանները տվյալ ամուսնուն դնում են ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի մեջ։ Ամուսնական պայմանագրի` սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի այլ պահանջները խախտող պայմաններն առ ոչինչ են։