Հոդված 52. Երեխաների իրավունքները և շահերը պաշտպանելու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 52. Երեխաների իրավունքները և շահերը պաշտպանելու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները
Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա։
Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում։
⚖Հոդված 53. Ծնողական իրավունքների իրականացումը
1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի լավագույն շահերին հակառակ։
Երեխայի լավագույն շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխայի դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։
Ծնողական իրավունքներն ի վնաս երեխայի իրավունքների և լավագույն շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
2. Երեխայի դաստիարակությանը, կրթությանը, խնամքին, տեղաշարժմանը, բնակության վայրին և երեխային վերաբերող բոլոր այլ հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխայի լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան։
3. Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխայի լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։
(53-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
⚖Հոդված 54. Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը
1. Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:
Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։
2. Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին։
Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:
3. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին՝ ելնելով երեխայի լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։
4. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու բժշկական, շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններից, խնամակալից, հոգաբարձուից, խնամատարից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով։
(54-րդ հոդվածը լրաց. 08.02.11 ՀՕ-46-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)