Հոդված 307
Հոդված 307.
Հերթափոխումից առաջ վաշտի նոր հերթապահը ստուգում է վաշտի օրվա վերակարգի կազմը, զննում այն և ներկայացնում վաշտի սերժանտին: Վաշտի սերժանտի կատարած զննումից, իրենց պարտականությունների իմացության ստուգումից և գործնական պարապմունքների անցկացումից հետո վաշտի հերթապահը հին հերթապահից տեղեկություններ է ստանում մարդկանց առկայության ու բաշխման մասին և օրվա վերակարգը տանում հերթափոխման:
Հերթափոխումից հետո նոր հերթապահը հին հերթապահի հետ ստուգում և ըստ ցուցակի ընդունում է զենքը, զինամթերքի արկղերն ու նրանց վրայի կնիքները, ունեցվածքը, ստուգում է հրդեհամարիչ և ծանուցիչ միջոցների առկայությունն ու սարքինությունը, որից հետո հերթապահները ստորագրում են հերթապահության հանձնման և ընդունման գրքում (Հավելված 12):
Զենքն ընդունվում է հատ-հատ, ըստ համարների և լրակազմով:
Ընդ որում` ստուգվում է կողպեքների, պահպանման ազդանշանիչների, պահարանների կնիքների և այլ սարքավորումների սարքինությունը:
Ընդունելով հերթապահությունը` նոր հերթապահը հին հերթապահի հետ միասին հերթապահության հանձնման և ընդունման մասին զեկույցով ներկայանում են վաշտի հրամանատարին, նրա բացակայությամբ` վաշտի հրամանատարի տեղակալին, իսկ վերջինիս բացակայելու դեպքում` վաշտի սերժանտին:
Օրինակ` «Պարոն կապիտան, սերժանտ Ստեփանյանը վաշտի հերթապահությունը հանձնել է»: «Պարոն կապիտան, կրտսեր սերժանտ Կարապետյանը վաշտի հերթապահությունն ընդունել է»:
Այնուհետև վաշտի նոր հերթապահը հայտնում է հերթափոխման ժամանակ գնդի հերթապահի արած բոլոր դիտողություններն ու տված ցուցումները, ինչպես նաև հերթապահության ընդունման ժամանակ հայտնաբերված անսարքությունների կամ թերհանձնման մասին:
(307-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)