Հոդված 11. Ուժեղացված պաշտպանության տրամադրումը
Հոդված 11 Ուժեղացված պաշտպանության տրամադրումը
1. Յուրաքանչյուր Կողմ Կոմիտեին ներկայացնում է այն մշակութային արժեքների Ցուցակը, որոնց վերաբերյալ ինքը մտադիր է հայց ներկայացնել ուժեղացված պաշտպանության տրամադրման նպատակով:
2. Այն Կողմը, որը մշակութային արժեքների նկատմամբ իրավազորություն կամ վերահսկողություն ունի, կարող է հայց ներկայացնել` դրանք 27-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն նախապատրաստված Ցուցակում ընդգրկելու համար: Այդ հայցը պարունակում է 10-րդ հոդվածում նշված չափանիշների հետ կապված ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Կոմիտեն կարող է Կողմին հայց ներկայացնելու առաջարկ անել` այդ մշակութային արժեքները Ցուցակում ներառելու համար:
3. Մյուս Կողմերը, «Երկնագույն վահան» միջազգային կոմիտեն և համապատասխան փորձ ունեցող այլ ոչ կառավարական կազմակերպությունները կարող են Կոմիտեի ուշադրությանը ներկայացնել կոնկրետ մշակութային արժեքներ: Այդպիսի դեպքերում Կոմիտեն կարող է որոշում ընդունել, որ այդ մշակութային արժեքը Ցուցակում ընդգրկելու համար հայց ներկայացնելու առաջարկ արվի Կողմին:
4. Այն տարածքներում տեղակայված մշակութային արժեքների ընդգրկման մասին հայցը, որոնց ինքնիշխանության կամ իրավասության հետ կապված հարցերը վիճարկվում են մեկից ավելի պետությունների կողմից կամ նրանց ընդգրկումը ոչ մի կերպ չեն վնասում Կողմերի վիճարկման իրավունքը:
5. Ցուցակի մեջ ընդգրկելու մասին հայցը ստանալուց հետո Կոմիտեն այդ խնդրանքի մասին տեղեկացնում է բոլոր Կողմերին: Կողմերը 60 օրվա ընթացքում կարող են այդպիսի հայցի վերաբերյալ իրենց առարկության մասին հայտնել Կոմիտեին: Առարկությունները կատարվում են միայն 10-րդ հոդվածում նշված չափանիշների հիման վրա: Դրանք պետք է լինեն կոնկրետ և փաստարկված: Կոմիտեն քննարկում է առարկությունները՝ հնարավորություն տալով հայց ներկայացրած Կողմին պատասխանել մինչև որոշում ընդունելը: Եթե այդպիսի առարկությունները ներկայացված են Կոմիտեի քննարկմանը, ապա Ցուցակի մեջ ընդգրկելու որոշումը, չնայած 26-րդ հոդվածի դրույթներին, ընդունվում է քվեարկությանը ներկա և քվեարկող մասնակիցների թվի չորս հինգերորդի մեծամասնությամբ:
6. Հայցի վերաբերյալ որոշում ընդունելու ընթացքում Կոմիտեն կարող է խորհրդակցել կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին փորձագետների հետ:
7. Ուժեղացված պաշտպանության տրամադրման կամ մերժման մասին որոշումը կարող է ընդունվել միայն 10-րդ հոդվածում նշված չափանիշների հիման վրա:
8. Բացառիկ դեպքերում, երբ Կոմիտեն եզրակացնում է, որ մշակութային արժեքները Ցուցակի մեջ ընդգրկելու մասին հայց ներկայացնող Կողմը չի կարող կատարել 10-րդ հոդվածի «բ» ենթակետի չափանիշները, Կոմիտեն կարող է որոշում ընդունել ուժեղացված պաշտպանություն տրամադրելու մասին՝ այն պայմանով, որ հայց ներկայացնող Կողմը դիմում ներկայացնի միջազգային օգնություն տրամադրելու վերաբերյալ` 32-րդ հոդվածին համաձայն:
9. Ռազմական գործողություններ սկսվելու դեպքում հակամարտության Կողմը կարող է շտապ կարգով հայց ներկայացնել իր իրավասության կամ վերահսկողության տակ գտնվող մշակութային արժեքների համար ուժեղացված պաշտպանություն ստանալու վերաբերյալ՝ նման հայց ուղարկելով Կոմիտեին: Կոմիտեն այդ հայցի մասին անմիջապես հաղորդում է հակամարտության բոլոր Կողմերին: Այդպիսի դեպքերում Կոմիտեն անհապաղ քննարկում է շահագրգիռ Կողմերի առարկությունները: Ժամանակավոր ուժեղացված պաշտպանություն տրամադրելու մասին որոշումն ընդունվում է հնարավորինս արագ և, չնայած 26-րդ հոդվածի դրույթներին, քվեարկությանը ներկա և քվեարկող մասնակիցների թվի չորս հինգերորդի մեծամասնությամբ: Կոմիտեն կարող է ժամանակավոր ուժեղացված պաշտպանություն տրամադրել ուժեղացված պաշտպանության տրամադրման կանոնավոր ընթացակարգերի արդյունքների սպասելիքներից ելնելով՝ 10-րդ հոդվածի «ա» և «գ» ենթակետերի դրույթները պահպանելու պայմանով:
10. Կոմիտեի կողմից մշակութային արժեքներին ուժեղացված պաշտպանություն է տրամադրվում դրանք Ցուցակի մեջ ընդգրկելու պահից:
11. Գլխավոր տնօրենը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և բոլոր Կողմերին առանց ուշացման ծանուցում է ուղարկում մշակութային արժեքը Ցուցակի մեջ ընդգրկելու վերաբերյալ ցանկացած որոշման մասին: