Հոդված 12. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու այլ հիմքեր
Հոդված 12. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու այլ հիմքեր
Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են`
ա) նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանին.
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման` պաշտպանվող այլ անձանց ապրանքային նշաններին.
գ) Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ապրանքային նշաններին, որոնք որոշվում են պետական լիազորված մարմնի կողմից.
դ) Հայաստանի Հանրապետության օրենքով պաշտպանվող ապրանքի ծագման տեղանվանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա որպես չպաշտպանվող տարր ներառված է տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.
ե) սահմանված կարգով գրանցված հավաստագրային նշաններին:
Որպես ապրանքային նշան չեն գրանցվում այն նշանները, որոնք վերարտադրում են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի և այլ անձանց պատկանող ֆիրմային անվանումները (կամ դրանց մի մասը), եթե այդ անվանումների նկատմամբ իրավունքը նրանք ստացել են մինչև նույնատիպ ապրանքների համար ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը.
բ) ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշներ, որոնց տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.
գ) Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումներ կամ դրանցից մեջբերումներ և գործող անձանց, արվեստի և մշակույթի ստեղծագործություններ կամ դրանցից հատվածներ` առանց դրանց հեղինակների կամ նրանց ժառանգների համաձայնության.
դ) հռչակավոր անձանց անուններ, ազգանուններ, կեղծանուններ և դրանցից ածանցյալներ, դիմանկարներ և ֆաքսիմիլե` առանց այդ անձանց նրանց ժառանգորդների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով տրված թույլտվության, եթե դրանք Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի սեփականությունն են: