Հոդված 46. Ապրանքային նշանի և տեղանվան անօրինական օգտագործման համար պատասխանատվությունը
Հոդված 46. Ապրանքային նշանի և տեղանվան անօրինական օգտագործման համար պատասխանատվությունը
Ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը նույնատիպ ապրանքների համար, ինչպես նաև տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը ցանկացած ապրանքի համար, որը հակասում է սույն օրենքի 4 հոդվածի երրորդ մասին և 40 հոդվածի երկրորդ և երրորդ մասերին, առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ապրանքային նշանի անօրինական օգտագործման դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, բացի անօրինական օգտագործման դադարեցման և ծախսերի փոխհատուցման պահանջից, իրականացվում է նաև հետևյալ եղանակներով`
ա) խախտողի կողմից դատարանի որոշման հրապարակումով` տուժածի հեղինակությունը վերականգնելու նպատակով.
բ) անօրինական օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը խախտողի կողմից ապրանքից կամ նրա փաթեթավորումից հանելով, ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի համար պատրաստված դրոշմապատկերների ոչնչացումով:
Գրանցված տեղանունը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն անօրինական օգտագործող անհատ ձեռներեցը, իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունն ապրանքների ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի սեփականատիրոջ, հասարակական կազմակերպության կամ դատախազի պահանջով պարտավոր է`
ա) դադարեցնել դրա օգտագործումը և բոլոր տուժածներին փոխհատուցել հասցված վնասները, ինչպես նաև տեղական բյուջե մուծել տեղանվան անօրինական օգտագործումից ստացված շահույթից վնասների հատուցումը գերազանցող գումարը.
բ) հրապարակել դատական որոշումը` տուժածի հեղինակությունը վերականգնելու նպատակով.
գ) ապրանքի կամ նրա փաթեթավորման վրայից հանել անօրինական օգտագործվող տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը (արտահայտչամիջոցը) կամ ոչնչացնել տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի (արտահայտչամիջոցի) համար պատրաստված դրոշմապատկերները:
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված ապրանքային նշանի կամ տեղանվան հետ նախազգուշական գրառում կիրառող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: