Գլուխ VII · ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Ապրանքի ծագման տեղանունը
Հոդված 30. Ապրանքի ծագման տեղանունը
Ապրանքի ծագման տեղանունը (այսուհետ` տեղանուն) երկրի, բնակավայրի կամ աշխարհագրական տեղանքի (այսուհետ` աշխարհագրական տեղանք) անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով:
Տեղանունը կարող է լինել աշխարհագրական տեղանքի պատմական անվանում:
Տեղանուն չի համարվում այն անվանումը, որը լինելով կամ իր մեջ բովանդակելով աշխարհագրական տեղանքի անվանում, Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր գործածության մեջ է մտել որպես արտադրության տեղի հետ չկապված որոշակի տեսակի ապրանքի արտահայտչամիջոց: