Հոդված 6. Ապրանքային նշանի գրանցման հայտը
Հոդված 6. Ապրանքային նշանի գրանցման հայտը
Ապրանքային նշանի գրանցման հայտը (այսուհետ` հայտ) արդյունաբերական սեփականության հարցերով պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետ` պետական լիազորված մարմին) է ներկայացնում այն իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցը (այսուհետ` հայտատու), որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:
Հայտը կարող է ներկայացվել նաև պետական լիազորված մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն ապրանքային նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են պետական լիազորված մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով: Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն անձի կողմից տրված լիազորագրով, որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:
Արտոնագրային հավատարմատարների որակավորման և գրանցման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը:
Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:
Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և պարունակի`
ա) դիմում ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.
բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը.
գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:
Հայտին կցվում են`
ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.
բ) կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ.
գ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:
Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում հայտատուն պարտավոր է դրանց հայերեն թարգմանությունը պետական լիազորված մարմին ներկայացնել հայտի ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում:
Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազորված մարմինը: