Հոդված 22. Ապրանքային նշանի օգտագործումը և այն չօգտագործելու հետևանքները
Հոդված 22. Ապրանքային նշանի օգտագործումը և այն չօգտագործելու հետևանքները
Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նշանի սեփականատիրոջ կամ, սույն օրենքի 26 հոդվածի համաձայն, լիցենզիային պայմանագրով այդ իրավունքն ունեցող անձի կողմից դրա զետեղումը այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և (կամ) դրանց փաթեթավորման վրա:
Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նաև ապրանքային նշանի կիրառումը գովազդներում, հրատարակություններում, ինչպես նաև պաշտոնական ձևաթղթերի, ցուցանակների, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող ցուցահանդեսների և տոնավաճառների ցուցանմուշների վրա միայն այն դեպքերում, երբ ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է:
Միջնորդական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները պայմանագրային հիմունքներով կարող են իրենց ապրանքային նշանն օգտագործել ապրանքն արտադրողի ապրանքային նշանի հետ համատեղ կամ դրա փոխարեն:
Ապրանքային նշանի գրանցման գործողությունը կարող է ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, դադարեցվել վաղաժամկետ բոլոր ապրանքների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից կամ դիմումին նախորդող 5 տարվա ընթացքում այն ընդհանրապես չի օգտագործվել:
Ապրանքային նշանը չօգտագործելու դեպքում, դրա գրանցման գործողության դադարեցման հարցը որոշելիս, հաշվի են առնվում իրենից անկախ պատճառներով ապրանքային նշանը չօգտագործելու մասին նշանի սեփականատիրոջ ներկայացրած փաստարկները:
Դեղագործական, սննդամթերքի և արդյունաբերական որոշ ապրանքներ ու տեսակներ, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու ըմպելիքները պետք է մակնիշվեն գրանցված ապրանքային նշաններով: Այդ ապրանքների լրիվ ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: