Հոդված 32. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի հայտը
Հոդված 32. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի հայտը
Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի հայտը կամ արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի հայտը (այսուհետ` հայտ) պետական լիազորված մարմին են ներկայացնում այն իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցը (հայտատու), որոնց անունով խնդրարկվում է տեղանվան օգտագործման իրավունքը:
Հայտը կարող է ներկայացվել սույն օրենքի 6 հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով` երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան:
Հայտը պետք է վերաբերի մեկ տեղանվան և պարունակի`
ա) դիմում տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի ընձեռնման կամ արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի ընձեռնման մասին, որում նշվում են հայտատուն (հայտատուները) և նրա (նրանց) գտնվելու կամ բնակության վայրը.
բ) հայտարկվող տեղանունը.
գ) այն ապրանքի նշումը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի ընձեռնումը կամ գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի ընձեռնումը` նշելով ապրանքի արտադրման վայրի (աշխարհագրական տեղանքի սահմանների) անվանումը:
Հայտին կցվում են`
ա) ազգային հայտատուի համար` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից այն մասին, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական տեղանքում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով.
բ) օտարերկրյա հայտատուի համար` ապրանքի ծագման երկրում տեղանվան իր իրավունքը հաստատող փաստաթուղթը.
գ) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.
դ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:
Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում հայտատուն պարտավոր է դրանց հայերեն թարգմանությունը պետական լիազորված մարմին ներկայացնել հայտի ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում:
Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազորված մարմինը: