Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ

Հոդված 33. Հայտի փորձաքննությունը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 33. Հայտի փորձաքննությունը

Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական և հայտարկված տեղանվան փորձաքննությունները, իրականացնում է պետական լիազորված մարմինը:

Պետական լիազորված մարմին հայտ ներկայացնելու օրվանից, մինչև դրա վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերի մեջ:

Եթե լրացուցիչ նյութերը փոփոխում են գրանցման ներկայացված տեղանունն ըստ էության, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ:

Փորձաքննության ընթացքում պետական լիազորված մարմինը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև նշված ժամկետի ավարտը: Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է պետական լիազորված մարմին հայտ ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Սույն հոդվածի չորրորդ մասին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:

Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունելու կամ չընդունելու մասին:

Քննարկման ընդունված հայտով անցկացվում է հայտարկված տեղանվան փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է դրա համապատասխանությունը սույն օրենքի 30 հոդվածով սահմանված պահանջներին:

Փորձաքննության արդյունքներով պետական լիազորված մարմինը որոշում է ընդունում տեղանվան գրանցման և օգտագործման իրավունք տալու մասին կամ տեղանվան գրանցումը մերժելու և դրա օգտագործման իրավունք չտալու մասին կամ որոշում է ընդունում արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալու կամ չտալու մասին:

Տեղանվան գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:

Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև նշված ժամկետի ավարտը:

Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։