Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 34. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ և ՄԵՐԺՈՒՄԸ

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ և ՄԵՐԺՈՒՄԸ

1. Մրցույթի հայտերի բացումից հետո պատվիրատուն կարող է մրցույթի բոլոր մասնակիցներից պահանջել բացատրություններ (պարզաբանումներ)` ներկայացված մրցույթի հայտերի վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատել իրենց կողմից ներկայացված որակավորման տվյալները: Պատվիրատուն բացատրությունների և ստացված պարզաբանումների վերաբերյալ կազմում է արձանագրություն, որը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Բացատրությունները չեն կարող ներառել առաջարկություններ` գների կամ մրցույթի հայտի պայմանների փոփոխման վերաբերյալ:

2. Եթե մասնակիցը սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չի վերահաստատում իր որակավորման տվյալները, ապա նրա մրցույթի հայտը մերժվում է: Նման դեպքում պատվիրատուն կազմում է արձանագրություն` նշելով մրցույթի հայտի մերժման հիմքը, որի պատճենը տրամադրում է մասնակցին` նրա կողմից նման պահանջ ներկայացնելու պահին: Արձանագրությունը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է:

3. Մրցույթի հանձնաժողովը գնահատում և համեմատում է նշանակալի շեղումներ չունեցող մրցույթի հայտերը: Շեղումները համարվում են նշանակալի, եթե դրանք չեն համապատասխանում մրցույթի հրավերի պայմաններին կամ հանգեցնում են դրանց փոփոխմանը: Նշանակալի շեղումներ ունեցող մրցույթի հայտերը մերժվում են:

4. Մրցույթի հրավերի պահանջները բավարարող հայտերը գնահատվում են տեխնիկապես: Տեխնիկապես բավարար գնահատված հայտերը գնահատվում են տնտեսապես: Մրցույթի հայտերի գնահատման և համեմատման ժամանակ մրցույթի հրավերով նախատեսված չափանիշներից բացի այլ չափանիշների օգտագործումն անթույլատրելի է:

5. Եթե բավարար գնահատված մրցույթի հայտերում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա մրցույթի հանձնաժողովը հիմք է ընդունում տառերով գրված գումարը:

6. Մրցույթի հանձնաժողովը մերժում է մասնակիցների ներկայացրած հայտերը, սույն օրենքով նախատեսված դեպքերում և, եթե մրցույթի հայտ ներկայացրած մասնակիցը`

1) չի համապատասխանում մրցույթի հրավերով սահմանված որակավորման և (կամ) ընթացակարգային այլ պահանջներին.

2) չի համաձայնվում սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան կատարված ուղղումներին:

7. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով մրցույթի հանձնաժողովը համեմատում է բավարար գնահատված հայտերը: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած առաջարկը տեխնիկապես և որակապես բավարարում է մրցույթի հրավերի պահանջները և, եթե նրա հայտը մյուսներից առավել շահավետ է: Մրցույթի հայտը որպես առավել շահավետ ճանաչելիս մրցույթի հանձնաժողովը հաշվի է առնում միայն մրցույթի հայտի գինը, ընդ որում, ընտրված մասնակցի մրցույթի հայտի գինը մնացած հավասար պայմաններում պետք է լինի առաջարկվող գներից ամենացածրը:

8. Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` մրցույթի հայտերի բացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

9. Ապրանքների և ծառայությունների գնման դեպքում, լիազոր մարմնի համաձայնությամբ, պայմանագիրը կնքելու նախապատվությունը մինչև առաջարկվող գնի քսան տոկոսի չափով տրվում է այն մասնակցին, որը պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան հիսուն տոկոսի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և արտադրական ռեսուրսները: Այդ նախապատվությունը կարող է կիրառվել, եթե բաց մրցույթով գնումների կատարման ժամանակ նախատեսված է մրցույթի հրավերի մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։