Հոդված 41. ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 41. ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Երկու փուլով մրցույթ անցկացնելու դեպքում պատվիրատուն պարտավոր է այդ մասին նշել բաց մրցույթով գնումների կատարման դեպքում մրցույթի հայտարարության, իսկ փակի դեպքում` մրցույթի հրավերի մեջ:
2. Երկու փուլով մրցույթի ընթացակարգի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
3. Երկու փուլով մրցույթի առաջին փուլում մասնակիցների կողմից սույն օրենքին համապատասխան ներկայացվում են մրցույթի սկզբնական հայտեր: Մրցույթի սկզբնական հայտերը չպետք է ներառեն մրցույթի հայտի գինը: Մրցույթի հանձնաժողովն առաջին փուլում գնահատում է մասնակիցների ներկայացրած սկզբնական հայտերը: Մրցույթի հանձնաժողովն իրավունք ունի բանակցություններ վարել բոլոր մասնակիցների հետ` նրանց ներկայացրած սկզբնական հայտերի ցանկացած դրույթի կապակցությամբ:
4. Երկրորդ փուլում մրցույթի հանձնաժողովն առաջարկում է առաջին փուլն անցած բոլոր մասնակիցներին ներկայացնել մրցույթի վերջնական հայտեր, ներառյալ` գնի առաջարկը:
5. Մրցույթի հանձնաժողովը երկրորդ փուլում կարող է փոխել մրցույթի հրավերով նախապես սահմանված տեխնիկական և որակական բնութագրերը և մրցույթի հայտերի գնահատման և համեմատման չափանիշները, որոնց մասին նա պարտավոր է տեղեկացնել երկրորդ փուլի հնարավոր մասնակիցներին` մրցույթի վերջնական հայտը ներկայացնելու համար ուղարկվող առաջարկում: Մրցույթի վերջնական հայտերը գնահատելու և համեմատելու ժամանակ մրցույթի հանձնաժողովի և մասնակիցների միջև բանակցություններն արգելվում են:
6. Երկու փուլով մրցույթի մասնակիցները գնի մասին առաջարկը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև մրցույթի հայտի ապահովումը, ներկայացնում են երկրորդ փուլում, մրցույթի վերջնական հայտը ներկայացնելու հետ միաժամանակ:
7. Մրցույթի առաջին փուլն անցած ցանկացած մասնակից իրավունք ունի հրաժարվել վերջնական հայտ ներկայացնելուց: