Հոդված 38. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 38. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1. Եթե պայմանագրի նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա պատվիրատուն, որպես պայմանագրի կնքման պայման, ընտրված մասնակցին պարտավոր է ներկայացնել պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու պահանջ:
2. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հրավերում նշել պայմանագրի կատարման ապահովման վերաբերյալ պահանջները:
3. Պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու` պատվիրատուի պահանջի հիման վրա, այն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված մասնակիցը պարտավոր է օրենքով չարգելված ցանկացած ձևով, մրցույթի հրավերի պահանջներին համապատասխան, ներկայացնել պայմանագրի կատարման ապահովում:
4. Մինչև պայմանագրի կատարման ապահովումը ներկայացնելը մասնակիցն իրավունք ունի պատվիրատուից պահանջել հաստատելու ներկայացվող պայմանագրի կատարման ապահովման ընդունելի լինելը, որին պատվիրատուն պետք է պատասխանի նման հարցում ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն կետի համաձայն ներկայացվող ապահովման ընդունելի լինելու հանգամանքը պատվիրատուին չի զրկում պայմանագրի կատարման ապահովումը հետագայում չընդունելու իրավունքից, եթե այն ներկայացրած անձը կամ երաշխավորը դարձել է անվճարունակ:
5. Մասնակցի կողմից սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման դեպքում պատվիրատուն իրավունք չունի չընդունել ներկայացված պայմանագրի կատարման ապահովումը և պարտավոր է այն ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքել պայմանագիր:
6. Պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի գնման պայմանագրի նախագծով նախատեսված, պատվիրատուի կողմից վճարման ենթակա կանխավճարի չափին, եթե կանխավճարը պայմանագրով նախատեսված է: Հակառակ դեպքում պայմանագրի կատարման ապահովման չափը որոշում է պատվիրատուն` լիազոր մարմնի սահմանած կարգով:
7. Եթե պայմանագրի կատարման ապահովումը ներկայացվում է կանխիկ դրամի ձևով, ապա պատվիրատուն պահում է այն լիազոր մարմնի անվամբ` այդ նպատակով բացված գանձապետական հաշվում` որպես ցպահանջ ավանդ: Եթե պայմանագրի կատարման ապահովումը վերադարձվում է, ապա ավանդից ստացված տոկոսները պատվիրատուն վերադարձնում է այն ներկայացրած մասնակցին:
8. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի կատարման ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին, պայմանագրի կատարման ավարտից, հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: