Հոդված 7. Գնումներին մասնակցելու իրավունքը և մասնակիցների որակավորման չափանիշները
Հոդված 7. Գնումներին մասնակցելու իրավունքը և մասնակիցների որակավորման չափանիշները
1. Գնումներին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`
1) որոնք անվճարունակ են, լուծարման գործընթացում սնանկ են ճանաչվել, կամ որոնց գույքի վրա կալանք է դրված.
2) որոնց հիմնադիրներից որևէ մեկը մրցույթի հանձնաժողովի անդամ, պատվիրատուի պաշտոնատար անձ կամ մերձավոր ազգական է.
3) որոնք օրենքով սահմանված կարգով ենթարկվել են այնպիսի պատասխանատվության, որի հետևանքով նրանց արգելվել է մրցույթի հայտը ներկայացնելու պահին իրականացնել տվյալ տեսակի գործունեություն, ներառյալ` լիցենզիան չեղյալ հայտարարելու միջոցով.
4) որոնք մրցույթի հայտը ներկայացնելու պահին ունեն ժամկետանց պարտքեր` հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով:
2. Գնումների ցանկացած ընթացակարգի համար պատվիրատուն սահմանում է մասնակիցներին ներկայացվող որակավորման հետևյալ չափանիշները`
1) պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ մասնագիտական և տեխնիկական տվյալներ (հատկանիշներ), ֆինանսական միջոցներ, նյութական և աշխատանքային ռեսուրսներ.
2) տվյալ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա:
3. Մասնակիցը, գնումներին մասնակցելու իր իրավունքը և որակավորման տվյալները հավաստելու համար, պարտավոր է, լիազոր մարմնի սահմանած կարգով, պատվիրատուին ներկայացնել պահանջվող փաստաթղթերի պատճենները:
4. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերի, պատվիրատուն իրավունք չունի սահմանափակել որևէ անձի` գնումների գործընթացին մասնակցության իրավունքը, սահմանել մասնակիցների որակավորման այնպիսի չափանիշներ, որոնք պայմանավորված են մասնակցի` որևէ պետության ռեզիդենտը լինելու հանգամանքով, կրում են խտրական բնույթ կամ սույն օրենքով չնախատեսված այլ չափանիշներ:
5. Պատվիրատուն անվերապահորեն մերժում (կասեցնում) է ցանկացած մասնակցի մասնակցությունը գնումների գործընթացին, եթե նրա մասնակցության իրավունքը կամ որակավորման տվյալները հավաստող փաստաթղթերն ամբողջական չեն, կամ դրանցում առկա է սխալ, ներառյալ` կեղծ տվյալներ:
6. Պատվիրատուն իրավունք չունի մասնակիցների կողմից ներկայացված որակավորման տվյալները հավաստող փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով սահմանել օրենսդրությամբ չնախատեսված պահանջներ: