Հոդված 27. Մրցույթի հրավերի բովանդակությունը
Հոդված 27. Մրցույթի հրավերի բովանդակությունը
1. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`
1) հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է տվյալ մրցույթի հրավերը.
2) մրցույթի հայտերի պատրաստման հրահանգները.
3) մասնակիցներից պահանջվող որակավորման տվյալների չափանիշները և դրանց գնահատման կարգը.
4) մասնակիցների կողմից իրենց որակավորման տվյալները հաստատելու նպատակով ներկայացվող փաստաթղթերին կամ այդ նպատակով պահանջվող այլ տեղեկատվությանն առաջադրվող պահանջները.
5) գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնույթը, կազմը և կառուցվածքը բնորոշող բնութագրերը, ներառյալ` տեխնիկական առանձնահատկությունները, պլանները, գծագրերը.
6) մրցույթի հաղթողի ընտրության կարգը, ներառյալ` պատվիրատուի կողմից օգտագործվող չափանիշները և սույն օրենքին համապատասխան տրամադրվող նախապատվության հնարավորությունն ու պայմանները.
7) կնքվելիք պայմանագրի նախագիծը.
8) եթե մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները և կարգը.
9) մրցույթի հայտի գնի հաշվարկման մեթոդը և արտահայտման ձևը, արժույթը.
10) նշում այն մասին, որ առաջարկվող գինը ապրանքի, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի և հարկերի վճարման ծախսերը.
11) պատվիրատուի կողմից` մրցույթի հայտի և պայմանագրի կատարման ապահովմանը և մրցույթի հայտ ներկայացրած անձի կողմից պարտավորությունների կատարման ցանկացած ապահովման բնույթին, ձևին, քանակին և այլ հիմնական պայմաններին առաջադրվող պահանջները.
12) մրցույթի հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ` եղանակը, տեղը, ժամկետը, մրցույթի հայտի լեզուն.
13) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ և տեղեկատվություն` պատվիրատուի կողմից մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, այդ թվում` պատվիրատուի և մասնակիցների միջև անմիջական կապ ապահովելու և գնումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց (ծառայողների) անունը, պաշտոնը, հասցեն, ծառայողական հեռախոսի համարը.
14) մրցույթի հայտերը ներկայացնելու պայմանները, դրանց բացման օրը և ժամը, քննարկման (գնահատման և համեմատման) կարգը.
15) գնումներին վերաբերող սույն օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին կատարված հղումները.
16) ընտրված մասնակցին պայմանագիրը կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.
17) պատվիրատուի գործողությունները և (կամ) որոշումները, նրա կողմից օգտագործվող ընթացակարգերը բողոքարկելու` մասնակցի իրավունքի պարզաբանումները.
18) տեղեկատվություն` պատվիրատուի կողմից մրցույթի հայտերը մերժելու վերաբերյալ իրեն իրավունք վերապահելու մասին.
19) մրցույթի հայտերի նախապատրաստմանը, ներկայացմանը և գնումների վերաբերյալ այլ տեղեկատվություն: