Հոդված 28. Մրցույթի հրավերի պարզաբանումը և դրանում փոփոխություն կատարելը
Հոդված 28. Մրցույթի հրավերի պարզաբանումը և դրանում փոփոխություն կատարելը
1. Մասնակիցն իրավունք ունի մրցույթի հայտերի ընդունման վերջնական ժամկետից 15 աշխատանքային օր առաջ պատվիրատուից պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում: Պատվիրատուն պարզաբանումը տրամադրում է հարցում ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուն միաժամանակ նման պարզաբանումները հրապարակում է պաշտոնական մամուլում, ինչպես նաև դրանց մասին գրավոր ծանուցում է մրցույթի հայտեր ներկայացրած անձանց:
2. Պատվիրատուն պարզաբանումները չի տրամադրում, եթե հարցումը կատարվել է սույն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է գալիս մրցույթի հրավերի բովանդակության շրջանակից, կամ հարցման պարզաբանումը պետական գաղտնիքի հրապարակման վտանգ է պարունակում:
3. Մինչև մրցույթի հայտերի ներկայացման ժամկետի կեսի ավարտը պատվիրատուն իրավունք ունի, լիազոր մարմնի համաձայնությամբ, փոփոխություններ կատարել մրցույթի հրավերում` նրան տրամադրելով դրանց անհրաժեշտության հիմնավորումը: Նման փոփոխությունները պարտադիր են և պատվիրատուի կողմից հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, ինչպես նաև գրավոր ծանուցվում մրցույթի հայտեր ներկայացրած անձանց: Մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում մրցույթի հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկատվության հրապարակման օրվանից: Այդ դեպքում մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցները պարտավոր են երկարաձգել իրենց ներկայացրած մրցույթի հայտի ապահովման գործողության ժամկետը, կամ ներկայացնել մրցույթի հայտի նոր ապահովում: Հակառակ դեպքում մրցույթի հայտը մերժվում է, չի բացվում և վերադարձվում է ներկայացնողին:
4. Սույն հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատվիրատուի և այլ անձանց միջև կայացած հանդիպումների և դրանց արդյունքների մասին պատվիրատուն կազմում է գրավոր արձանագրություն, որը պետք է պարունակի պատվիրատուի կազմակերպած հանդիպումների ընթացքում մրցույթի հրավերի պարզաբանումների մասին ներկայացված հարցումները (առանց նշելու դրանց ստացման աղբյուրները) և պատասխանները: Սույն արձանագրությունը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժան մասն է, որը պատվիրատուն ներկայացնում է մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցներին` վերջիններիցս նման պահանջ ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
§ 2. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ