Հոդված 31. Մրցույթի հայտի ապահովումը
Հոդված 31. Մրցույթի հայտի ապահովումը
1. Եթե գնման ենթակա ապրանքների և ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, ապա մասնակիցը, մրցույթի հրավերով սահմանված կարգով` օրենքով չարգելված ցանկացած ձևով, ներկայացնում է մրցույթի հայտի ապահովում: Մրցույթի հայտի ապահովման չափը, որը չի կարող պակաս լինել մրցույթի հայտի գնի հինգ տոկոսից, որոշում է մասնակիցը:
2. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հրավերում նշել մրցույթի հայտի ապահովման վերաբերյալ իր պահանջները:
3. Մասնակիցն իրավունք ունի, մինչև մրցույթի հայտը ներկայացնելը, պատվիրատուից պահանջել հաստատելու մրցույթի հայտի ապահովման ընդունելի լինելու հանգամանքը, որին պատվիրատուն պետք է պատասխանի նման հարցում ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն կետի համաձայն ներկայացվող ապահովման ընդունելի լինելու հանգամանքը պատվիրատուին չի զրկում այդ ապահովումն անվավեր համարելու իրավասությունից` այն ներկայացրած անձի կամ նրա երաշխավորի անվճարունակության հիմքով:
4. Կանխիկ դրամի ձևով ներկայացված մրցույթի հայտի ապահովումը պատվիրատուն, որպես ցպահանջ ավանդ, պահում է լիազոր մարմնի անվամբ այդ նպատակով բացված գանձապետական հաշվում: Ավանդը հետ վերադարձվելու դեպքում դրանից ստացված տոկոսները վերադարձվում են ապահովում ներկայացրած մասնակցին:
Մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում, եթե այն ներկայացնողը մրցույթում հաղթել է, սակայն հրաժարվում կամ սույն օրենքի 39 հոդվածի 4-րդ կետի համաձայն զրկվում է պայմանագիր ստորագրելուց:
5. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքի, մրցույթի հայտի ապահովումը պայմանագիրը կնքելուց, իսկ մրցույթը չկայացած հայտարարվելուց կամ մրցույթի հայտը մերժվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է այն ներկայացնողին: