Հոդված 47. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 47. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Լիազոր մարմին բողոքարկելու իրավունք ունի այն անձը`
ա) որի բողոքը պատվիրատուն չի քննարկել.
բ) որը բավարարված չէ պատվիրատուի ընդունած որոշմամբ.
գ) որի բողոքի վերաբերյալ պատվիրատուի որոշումն ընդունվել է սույն օրենքի 46 հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետի խախտմամբ:
Եթե բողոքը ներկայացվում է պատվիրատուի պայմանագիր կնքելու մասին որոշումը հրապարակվելուց հետո, ապա այն պետք է գրավոր ներկայացվի որոշումը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Լիազոր մարմինը բողոքն ստանալու մասին գրավոր հայտնում է պատվիրատուին:
3. Լիազոր մարմինն իրավունք ունի ընդունել հետևյալ որոշումները`
1) արգելել պատվիրատուին կատարել որոշակի գործողություններ, ընդունել որոշումներ, կիրառել ընթացակարգեր.
2) պարտավորեցնել պատվիրատուին ընդունել համապատասխան որոշումներ, ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ և կիրառել դրանցից բխող ընթացակարգեր.
3) լրիվ կամ մասնակի վերացնել կամ վերանայել պատվիրատուի որոշումները կամ ընդունել պատվիրատուի որոշմանը փոխարինող որոշում, բացառությամբ պայմանագիրը կնքելու մասին որոշումն անվավեր ճանաչելու կամ պայմանագիրը լուծելու մասին որոշումների.
4) պարտավորեցնել պատվիրատուին հատուցել գնումների ընթացակարգ կատարելու կապակցությամբ նրա գործողությունների կամ որոշումների կամ նրա կողմից որոշակի ընթացակարգ կիրառելու հետևանքով բողոք ներկայացրած անձի կողմից տվյալ գնումներին մասնակցելու նպատակով կատարված օրենսդրությամբ սահմանված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը.
5) գնումների ընթացակարգի դադարեցման մասին:
4. Լիազոր մարմինը գնումների մասին օրենսդրությամբ սահմանված դրույթների հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում բողոքի կապակցությամբ ընդունում է հիմնավորված որոշում:
5. Բողոքի կապակցությամբ լիազոր մարմնի որոշումը համարվում է վերջնական, եթե այն չի բողոքարկվում դատարան:
6. Լիազոր մարմնի կողմից բողոքը բավարարվելու դեպքում պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին իր գործողությունների հետևանքով պատճառված վնասի համար: