Հոդված 23
Հոդված 23
Դրամական միավորների փոխարկումը
1. Սույն Կոնվենցիայի փոխառության հատուկ իրավունքում նշված գումարները դիտարկվում են որպես փոխառության հատուկ իրավունքին վերաբերող` ինչպես դրանք սահմանված են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Վարույթների դեպքում այդ գումարների փոխարկումը ազգային արժույթների կատարվում է փոխառության հատուկ իրավունքում այդպիսի արժույթների արժեքին համապատասխան՝ վճիռ կայացնելու օրը։ Փոխառության հատուկ իրավունքում այն Մասնակից պետության, որը Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ է, ազգային արժույթի արժեքը հաշվարկվում է վճիռ կայացնելու օրը իր սեփական գործառնությունների և գործարքների համար Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կիրառվող արժեքի որոշման մեթոդի համաձայն: Փոխառության հատուկ իրավունքի պայմաններում այն Մասնակից պետության, որը Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ չէ, ազգային արժույթի արժեքը հաշվարկվում է այդ Մասնակից պետության կողմից սահմանված եղանակով:
2. Այնուամենայնիվ, այն պետությունները, որոնք Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ չեն, և որոնց իրավունքով թույլ չի տրվում կիրառել սույն հոդվածի 1-ին կետի դրույթները, կարող են վավերացման կամ միանալու ժամանակ կամ դրանից հետո ցանկացած ժամանակ, հայտարարել, որ 21-րդ հոդվածով սահմանված փոխադրողի պատասխանատվության սահմանը ամրագրվում է 1 500 000 դրամական միավորի գումար յուրաքանչյուր ուղևորի համար՝ իրենց տարածքում իրականացվող վարույթի ժամանակ, 62 500 դրամական միավոր յուրաքանչյուր ուղևորի համար՝ 22-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ, 15 000 դրամական միավոր յուրաքանչյուր ուղևորի համար՝ 22-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ, և 250 դրամական միավոր կիլոգրամի համար՝ 22-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ: Նշված գումարները կարող են փոխարկվել համապատասխան ազգային արժույթի՝ կլորացված թվերով: Այդպիսի գումարների փոխարկումը ազգային արժույթի իրականացվում է համապատասխան պետության իրավունքի համաձայն:
3. Սույն հոդվածի 1-ին կետի վերջին նախադասության մեջ նշված հաշվարկները և սույն հոդվածի 2-րդ կետում նշված փոխարկումը կատարվում են այնպես, որ Մասնակից պետության ազգային արժույթում հնարավորին չափ արտահայտվի 21-րդ և 22-րդ հոդվածներում նշված քանակական ցուցանիշների այնպիսի իրական արժեքը, ինչպիսին կստացվի սույն հոդվածի 1-ին կետի առաջին երեք նախադասությունների կիրառման արդյունքում: Մասնակից պետությունները ավանդապահին տեղյակ են պահում սույն հոդվածի 1-ին կետի համաձայն հաշվարկման եղանակի մասին կամ, անհրաժեշտության դեպքում, սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն փոխարկման արդյունքների մասին` սույն Կոնվենցիան վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս, ինչպես նաև դրանցից յուրաքանչյուրում փոփոխություն կատարելու դեպքում։