Հոդված 53
Հոդված 53
Ստորագրելը, վավերացնելը և ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Մոնրեալում 1999 թվականի մայիսի 28-ից` 1999 թվականի մայիսի 10-ից մինչև 28-ը Մոնրեալում կայացած` օդային իրավունքի հարցերով միջազգային խորհրդաժողովին մասնակցող պետությունների համար: 1999 թվականի մայիսի 28-ից հետո Կոնվենցիան բոլոր պետությունների ստորագրման համար բաց կլինի Մոնրեալում՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում, մինչև սույն հոդվածի 6-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելը:
2. Սույն Կոնվենցիան բաց է նաև Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների ստորագրման համար: Սույն Կոնվենցիայի նպատակով «Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է՝ որոշակի տարածաշրջանի ինքնիշխան պետությունների կողմից հիմնադրված ցանկացած կազմակերպություն, որը սույն Կոնվենցիայով կարգավորվող որոշ հարցերի առնչությամբ ունի իրավասություն և պատշաճ կերպով լիազորվել է ստորագրելու և վավերացնելու, ընդունելու, հաստատելու սույն Կոնվենցիան կամ միանալու դրան: Սույն Կոնվենցիայում «Մասնակից պետություն» կամ «Մասնակից պետություններ» արտահայտություններին կատարված հղումները այլ կերպ, քան 1-ին հոդվածի 2-րդ կետում, 3-րդ հոդվածի 1.«բ» կետում, 5-րդ հոդվածի «բ» կետում, 23-րդ, 33-րդ, 46-րդ հոդվածներում և 57-րդ հոդվածի «բ» կետում, հավասար չափով տարածվում են Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության վրա: 24-րդ հոդվածի նպատակով «Մասնակից պետությունների մեծ մասը» և «Մասնակից պետությունների մեկ երրորդը» արտահայտություններին կատարված հղումները չեն տարածվում Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության վրա:
3. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման Կոնվենցիան ստորագրած պետությունների և Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:
4. Ցանկացած պետություն կամ Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն, որը չի ստորագրել սույն Կոնվենցիան, կարող է ցանկացած ժամանակ այն ընդունել, հաստատել կամ միանալ դրան:
5. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ են հանձնվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որը սույնով նշանակվում է ավանդապահ:
6. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ երեսուներորդ փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու օրվան հաջորդող վաթսուներորդ օրը` այն պետությունների միջև, որոնք այդպիսի փաստաթուղթ են ի պահ հանձնել։ Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթուղթը, սույն կետի նպատակներով, հաշվի չի առնվում:
7. Այլ պետությունների և Տնտեսական ինտեգրման այլ տարածաշրջանային կազմակերպությունների համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից վաթսուն օր հետո:
8. Ավանդապահը Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին և բոլոր Մասնակից պետություններին անհապաղ ծանուցում է.
ա) սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր ստորագրման և այդպիսի ստորագրման ամսաթվի մասին,
բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու և դրա ամսաթվի մասին,
գ) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
դ) սույն Կոնվենցիայով սահմանված պատասխանատվության սահմանների ցանկացած փոփոխություն ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
ե) 54-րդ հոդվածով նախատեսված ցանկացած չեղյալ հայտարարման մասին: