Հոդված 12
Հոդված 12
Բեռը տնօրինելու իրավունքը
1. Պահպանելով փոխադրման պայմանագրից բխող բոլոր պարտավորությունները` առաքողն իրավունք ունի տնօրինելու բեռը՝ վերցնելով այն մեկնման կամ նշանակման վայրի օդանավակայանում, կանգնեցնելով այն վայրէջքի ցանկացած կետում` փոխադրման ընթացքում, կամ պահանջելով, որ բեռը տեղափոխվի նշանակման վայր, իսկ փոխադրման ընթացքում՝ հանձնվի որևէ անձի, որին սկզբնապես չէր նշել ստացողը, կամ պահանջելով, որ բեռը վերադարձվի մեկնման օդանավակայան: Առաքողը չպետք է օգտագործի բեռի տնօրինման իրավունքը այնպիսի եղանակով, որը կարող է վնաս հասցնել փոխադրողին կամ այլ առաքողների, և պետք է փոխհատուցի այդ իրավունքի կիրառումից առաջացած բոլոր ծախսերը:
2. Եթե հնարավոր չէ կատարել առաքողի ցուցումները, փոխադրողը պետք է դրա մասին անհապաղ տեղեկացնի առաքողին:
3. Եթե փոխադրողը կատարում է առաքողի ցուցումները բեռի տնօրինման հարցում՝ չպահանջելով ներկայացնել վերջինիս տրված օդային բեռնագրի կամ բեռի անդորրագրի օրինակը, ապա դրանով իսկ փոխադրողը, չսահմանափակելով առաքողի հանդեպ հետպահանջի իրավունքը, իր վրա է վերցնում պատասխանատվությունը ցանկացած վնասի համար, որն այդ կապակցությամբ կարող է պատճառվել օդային բեռնագրի կամ բեռի անդորրագրի այդ օրինակի տիրոջը:
4. Առաքողի իրավունքը դադարում է այն պահին, երբ, 13-րդ հոդվածի համաձայն, առաջ է գալիս ստացողի իրավունքը: Այնուամենայնիվ, եթե ստացողը հրաժարվում է բեռն ընդունելուց, կամ նրա հետ անհնար է կապ հաստատել, առաքողը նորից ձեռք է բերում տնօրինելու իր իրավունքը: