Հոդված 10
Հոդված 10
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այնուամենայնիվ այդ շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ Պետության օրենքներին համապատասխան, բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի`
ա) շահաբաժինների համախառն գումարի 0 տոկոսը, եթե փաստացի սեփականատերը ընկերության կապիտալում ներդրում կատարելու պահին ներդրել է առնվազն 150.000 եվրոյին համարժեք գումար,
բ) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այս սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
Սույն կետը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից ստացված եկամուտը այն Պետության օրենքներով, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) դրույթները:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման` ընկերության չբաշխված շահույթի նկատմամբ գանձվող հարկով, եթե նույնիսկ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: