Հոդված 14
Հոդված 14
ԿԱԽՅԱԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Պահպանելով 15-րդ (Տնօրենների հոնորարներ), 17-րդ (Կենսաթոշակներ) և 18-րդ (Պետական ծառայություն) հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն այդ վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Անկախ 1-ին կետի դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե`
ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում տվյալ ֆինանսական տարում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում,
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:
3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավի կամ օդանավի վրա իրականացված վարձու աշխատանքի դիմաց տրված վարձատրությունը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում: