Հոդված 5
Հոդված 5
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով` «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` ձեռնարկատիրական գործունեության կայուն վայր, որի միջոցով Պայմանավորվող պետության ձեռնարկությունն ամբողջությամբ կամ մասամբ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում:
2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է`
ա) կառավարման վայրը,
բ) մասնաճյուղը,
գ) գրասենյակը,
դ) գործարանը,
ե) արտադրամասը,
զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների արդյունահանման, հետախուզման կամ շահագործման ցանկացած այլ վայր:
3. ա) Շինարարական հրապարակը, կառուցապատման, մոնտաժային կամ տեղակայման նախագծերը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը հանդիսանում է մշտական հաստատություն, բայց միայն այն դեպքում, երբ այդ հրապարակը, նախագիծը կամ գործունեությունը շարունակվում է ինն ամսից ավելի ժամանակահատվածում:
բ) «Մշտական հաստատություն» տերմինը ներառում է նաև ձեռնարկության կողմից ծառայությունների մատուցումը, ներառյալ` խորհրդատվական ծառայությունները, այդ նպատակով ձեռնարկության կողմից ընդգրկված վարձու աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով, բայց միայն այն դեպքում, երբ այդ բնույթի գործունեությունը տվյալ երկրում (միևնույն ծրագրի կամ հարակից ծրագրի համար) ցանկացած տասներկուամսյա ժամկետում շարունակվում է ընդհանուր առմամբ վեց ամիսը գերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում:
4. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում`
ա) շինությունների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը` բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը` բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,
դ) գործունեության կայուն վայրի պահումը` բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
ե) գործունեության կայուն վայրի պահումը` բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով,
զ) գործունեության կայուն վայրի պահումը` բացառապես ա)-ից ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար:
5. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից` այն դեպքում, երբ անձը, որը անկախ կարգավիճակով հանդես եկող գործակալ չէ, որին վերաբերում է 6-րդ կետը, գործում է Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում` այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով, եթե այդ անձը այդ Պետությունում ունի և սովորաբար իրականացնում է ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավունք, եթե այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածներով, որը, եթե իրականացվելու լիներ գործունեության կայուն վայրի միջոցով, այդ պարբերության դրույթների համաձայն` գործունեության կայուն վայրը չէր վերածի մշտական հաստատության:
6. Պայմանավորվող պետության ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող մյուս Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ այն ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, առևտրային գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած գործակալի միջոցով` պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց սովորական գործունեության շրջանակներում: Այնուամենայնիվ, երբ այդպիսի գործակալի գործունեությունը ամբողջովին կամ գրեթե ամբողջովին իրականացվում է այդ ձեռնարկության անունից, նա չի համարվի անկախ կարգավիճակով գործակալ սույն պարբերության իմաստով:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է դրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը: