Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում`
ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները համատեքստից կախված նշանակում են` Հայաստան կամ Կիպրոս,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետություն, իսկ աշխարհագրական իմաստով օգտագործվելիս նշանակում է այն տարածքը, ներառյալ` ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունը` ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան,
գ) «Կիպրոս» տերմինը նշանակում է` Կիպրոսի Հանրապետություն, իսկ աշխարհագրական իմաստով օգտագործվելիս նշանակում է պետական տարածքը, տարածքային ծովերը, ինչպես նաև տարածքային ծովերից դուրս գտնվող ցանկացած գոտի, ներառյալ` սահմանային գոտին, բացառիկ տնտեսական գոտին և մայրցամաքային շելֆը, որը Կիպրոսի օրենքներով և միջազգային իրավունքին համապատասխան համարվել կամ այսուհետ կարող է համարվել տարածք, որի նկատմամբ Կիպրոսը կարող է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն իրականացնել,
դ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են` համապատասխանաբար Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
ե) «Անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
զ) «Ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
է) «Միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում նավով կամ օդանավով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փոխադրամիջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
ը) «Իրավասու մարմին» տերմինը նշանակում է`
(i) Հայաստանի դեպքում` ֆինանսների նախարարը կամ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչները,
(ii) Կիպրոսի դեպքում` ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,
թ) « Քաղաքացի» տերմինը նշանակում է`
(i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
(ii) ցանկացած իրավաբանական անձ, ընկերություն կամ ընկերակցություն, որն իր այդ կարգավիճակը ստացել է Պայմանավորվող պետությունում գործող օրենսդրության հիման վրա,
ժ) «Ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ,
ի) «Ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների մատուցումը և անկախ բնույթի այլ գործունեության իրականացումը:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագրի դրույթները կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ Պետության օրենսդրությամբ այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Համաձայնագիրը: