Հոդված 11
Հոդված 11
ՏՈԿՈՍՆԵՐ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այնուամենայնիվ, այդ տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջացել են` այդ Պետության օրենքներին համապատասխան, բայց եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Չնայած 2-րդ կետի դրույթերին` 1-ին կետում նշված ցանկացած տոկոս ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում ստացողը, եթե այդ ստացողը տոկոսի փաստացի սեփականատերն է, և եթե այդ տոկոսը վճարվում է`
ա) այդ Պետությանը, կամ նրա քաղաքական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին կամ այդ Պետության` կանոնադրությամբ հիմնված մարմնին կամ Կենտրոնական բանկին,
բ) այդ Պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմնի կամ այդ Պետության` կանոնադրությամբ հիմնված մարմնի կամ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կամ երաշխավորված ցանկացած բնույթի փոխառության դիմաց:
4. «Տոկոս» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ այն բանից, ապահովված են դրանք գրավադրմամբ կամ ունեն պարտապանի շահույթում մասնակցության իրավունք, թե ոչ, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ` այդ արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն Համաձայնագրի նպատակների համար որպես տոկոսներ չեն դիտարկվում:
5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդ մշտական հաստատության հետ: Նման դեպքերում կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, նրա քաղաքական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ այն փաստից, թե Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի առնչությամբ առաջացել է պարտքը, որի նկատմամբ պետք է տոկոսներ վճարվեն, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդ մշտական հաստատությունը, ապա այդ տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
7. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև` նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Նման դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` պատշաճ ուշադրություն դարձնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթներին: